Մենք բոլորից լսել ենք, որ մեղրը և կիտրոնն օգնում են հանգստացնել հազը: Բայց միջազգային անկախ փորձագետ, պրոֆեսոր Էյլիմ Մորիսն ասում է, որ շոկոլադն ավելի լավ է գլուխ հանում դրանից, և ապացուցել է դա գիտական փորձով:
Պրոֆեսոր Մորիսը հիմնել է հազի հետազոտման միջազգային կազմակերպություն և ղեկավարում է բժշկական հետազոտությունները Հալլի համալսարանում: Նա պատմել է Եվրոպայում կատարած գիտական փորձի մասին, որն իրականացվել է 163 մարդու մասնակցությամբ: Բոլոր հազից տառապող մասնակիցները, որոնք ընդունել են շոկոլադի հիմքով դեղորայք, զգացել են էական բարելավում:
Սա առաջին հետազոտությունը չէ, որն ապացուցում է շոկոլադի էֆեկտիվությունը՝ որպես դեղորայք: Ավելի վաղ գիտնականները Լոնդոնի կայսերական քոլեջից հայտնաբերել էին, որ թեոբրոմինը, որը պարունակվում է կակաոյի մեջ, ավելի լավ է ճնշում հազը, քան ստանդարտ միջոցը՝ կոդեինը:
Հազի դեմ դեղորայքը, որը շոկոլադ է պարունակում, ավելի էֆեկտիվ է, քանի որ ձևավորում է հազալու ցանկություն առաջացնող նյարդային վերջավորություններին ճնշող ծածկույթ:
Իհարկե, տաք շոկոլադ խմելն այնքան էֆեկտիվ չէ, ինչպես դեղորայք ընդունելը, որն այն պարունակում է. այն չի գտնվում կոկորդում բավարար ժամանակ, որպեսզի ձևավորի պաշտպանական շերտ: Դեղի մեջ կան նաև ուրիշ հանգստացնող բաղադրիչներ (դիֆենհիդրամին, լևոմենթոլ), որոնց շնորհիվ շոկոլադը կկարողանա որքան հնարավոր է երկար ազդել հազի համար պատասխանատու նյարդային վերջավորությունների վրա:
Շոկոլադի հիմքով նոր միջոցն արդեն վաճառվում է Մեծ Բրիտանիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը