1.Նախ և առաջ պետք է ազատվեք արքայազնի մասին այնպիսի իլյուզիայից, որ նա պետք է գա, գրկի ձեզ և տանի դեպի ապագա: Ժամանակի հետ տղամարդիկ հոգնում են ձեռքերի վրա տանելուց, և դու ընկնում ես գետնին, ինչպես ծանր ճամպրուկ: Լքված ճամպրուկ չդառնալու համար կինը պետք է կենտրոնանա ոչ թե տղամարդու, այլ իր երազանքի վրա:
2.Ինչպե՞ս դիմադրել հարվածին: Իմ գլխավոր սկզբունքն ավելի շուտ մահանալն է: Մահացու կռվում հաղթում է միայն այն սամուրայը, ով արդեն մահացել է: Զարգացրեք ձեր մտքում ամենավատ սցենարը և պատկերացրեք, թե ինչ եք անելու դրանից հետո: Հստակ և կոնկրետ պատրաստեք ձեր քայլերը պարտությունից հետո: Այնուհետև գնացեք ամենասկիզբ և պատրաստվեք մարտի:
3.Երբ ինձ ասում են՝ «Իրա, դու հիմար ես», ես պատասխանում եմ՝ «Այո, համաձայն եմ»: Իսկ հետո ինքս գնում եմ և անում եմ այն, ինչն անհրաժեշտ եմ համարում: Երբեք ոչինչ մի ապացուցեք:
4.Որևէ մեկի հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալու համար, առաջին հերթին՝ պետք է ինքդ քեզ հետ ներդաշնակ լինես և սիրես ինքդ քեզ:
5.Ի՞նչ անել: Ես ձեզ կասեմ: Սովորեք երազել, ձեր առջև մեծ նպատակներ դրեք և գնացեք դրանց ընդառաջ: Ընդ որում, հաճույք ստացեք ոչ թե վերջնական արդյունքից, այլ ընթացքից: Եվ եթե Ձեզ հաջողվի գտնել և ձեր մեջ զարգացնել այդ էներգիան, ապա ձեզանից այլևս ոչ մի ջանք չի պահանջվի, ամեն ինչ ինքնաբերաբար շատ սահուն կդասավորվի՝ և երազանքները, և կարիերան, և սերը:
6.Այն կինը, ով կարողանում է ներդաշնակ զարգացնել և իր մեջ համադրել կանացի և տղամարդկային հիմնական «սկիզբները», ով կարողանում է ինքնադրսևորման համար օգտագործել այն ամենը, ինչ կա աշխարհում, դառնում է ունիկալ կին: Այսպիսին էր, օրինակ, Կոկո Շանելը: Եվ ցանկության դեպքում՝ այդպիսին կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը: Փորձված է իմ կողմից:
7.Կին-հրթիռին, այսինքն՝ նրան, ով միշտ սլանում է առաջ՝ իրագործելով իր նպատակները և երազանքները, խելացի տղամարդը միանշանակ ըստ արժանվույն կգնահատի: Նման կնոջ մեջ միշտ մի գաղտնի, հետաքրքիր բան կա, և դա տղամարդկանց գայթակղում է:
8.Տղամարդու հետ ծանոթության ժամանակ պետք է շատ վառ խոսել, իսկ հետո դառնալ հիմարիկ աղջիկ: Շատ կարևոր է մի վիճակից մյուսը շատ անսպասելի և շատ դիվանագիտորեն անցնել: Տղամարդն անասելի վախկոտ է, նա անընդհատ ինչ-որ բանից վախենում է: Կինը մեկ՝ շատ հարուստ է, մեկ՝ շատ աղքատ, մեկ՝ չափազանց գեղեցիկ է, և՝ հակառակը: Դրա համար մենք պետք է լինենք անկանխատեսելի՝ հումորով և թեթևությամբ կառուցելով մեր հարաբերությունները:
9.Եթե տղամարդը չի ցանկանում փոխվել, դուք ունեք ընտրության հնարավորություն. ապրել նրա հետ՝ այնպիսին, ինչպիսին նա կա, կամ ապրել՝ ինչպես ուզում եք, բայց առանց նրա: Եթե չես կարողանում որոշել, ուրեմն ինքդ քեզ վատ ես լսում, և այդ դեպքում խնդիրը ոչ թե նրա մեջ է, այլ քո:
10.Տղամարդը չպետք է լինի մեր ամբողջ աշխարհը: Նա պետք է լինի մեր աշխարհի մասերից մեկը միայն:
11.Ես երազում էի նախագահ դառնալու մասին: Ամուսինս ասաց, որ պետք է նայեմ հայելու մեջ և բարձրաձայն արտասանեմ իմ ազգանունը: Նա ասաց, որ ինձնից Ռուսաստանի Դաշնության նախագահ հնարավոր չէ պատկերացնել: Ես նեղացա նրանից, նախընտրական քարոզարշավի համար պարտքով գումար վերցրեցի ավազակներից: Մարգինալ, շատ աղքատ մի շրջան վերցրեցի Մոսկվայի ծայրամասում, որտեղ նույնիսկ քաղաքային որևէ տրանսպորտ չէր հասնում: Առանձնացա և սկսեցի աշխատել: Արդյունքում՝ ես ընտրվեցի, իսկ իմ հակառակորդը, ում ֆինանսավորում էր ամուսինս, պարտվեց: Այդ ժամանակ ես հասկացա, որ ես լիդեր եմ, ես կարող եմ:
12.Հաջողության հասնելու մեջ գումարը երկրորդ տեղում է: Պետք է այնքան գումար, որ կարողանաք իրականացնել ձեր գաղափարները: Այնպես, որ ամեն առավոտ արթանանալիս՝ չասեք, որ ատում եք ձեր աշխատանքը, բայց սովից կմահանաք, եթե չաշխատեք:
13.Միշտ սովորեք, ստացեք նոր տեղեկատվություն: Դա ապահովագրություն է, դա բազա է, որը կօգնի ձեզ գոյատևել ամենադժվար ժամանակներում: Մի անգամ Օքսֆորդում դասախոսություն կարդալիս ես ծանոթացա մի ռուս աղջկա հետ: Նա ինձ պատմեց, որ սովորում է բանասիրության ֆակուլտետում, բայց միաժամանակ աշխատում է մի շատ հայտնի բանկում: Նա ասում էր, որ հիմա ինքը գիտի ամեն ինչ և կարողանում է հասկանալ գրեթե ամեն ինչից:
14.Մի վախեցեք հուսահատվելուց: Ամենախոր անդունդն ընկեք: Ես գնում էի ամառանոց, մեկ շաբաթ ոչ մեկի հետ չէի շփվում: Ես ինքս ինձ ասում էի, որ ես սարսափելի եմ, ես անհաջողակ եմ: Ես ինձ խղճում էի, և ինձ անգամ սկսել էր դուր գալ այդ վիճակը: Բայց որոշ ժամանակ անց այս ամենն օրգանիզմին դուր չի գալիս: Դու հասկանում ես, որ չես մահացել, արևը շողում է, ամեն ինչ լավ է: Դու կանգնում ես և գնում ես առաջ:
15.Ճակատագիրն առյուծի նման է: Եթե դուք վախենում եք՝ նա կհարձակվի ձեզ վրա, իսկ եթե այդ վախը չլինի՝ նա կթեքվի այն կողմ, որը դուք եք ուզում:
Սիրարփի Աղաբաբյան