Վիգեն Էսկիջյան. Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու իմ և բասկետբոլիստների համար
Advertisement 1000 x 90

Վիգեն Էսկիջյան. Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու իմ և բասկետբոլիստների համար

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Հայաստանում է:

Լիբանանահայ մարզիչը, նախքան բուն գործին անցնելն ուսումնասիրում է Հայաստանի բասկետբոլային աշխարհը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը.

– Ինչպե՞ս ստացաք առաջարկը և ինչո՞ւ որոշեցիք ընդունել:

– Առաջարկը ստացա մի ամերիկահայից, որն օգնում է Հայաստանի հավաքականին: Ես ցանկանում էի աշխատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ և սիրով ընդունեցի առաջարկը: Հայաստանը միշտ իմ սրտի մեջ է, և ցանկանում եմ օգտակար լինել հայրենիքին ինչպես կարող եմ: Պատասխանատու աշխատանք է: Մ 20 տարեկանների հավաքականն ամենակարեւոր թիմերից է: Հենց այստեղից են բասկետբոլիստները տեղափոխվում գլխավոր թիմ:

– Մինչ այդ հետևե՞լ եք հավաքականի խաղերին:

– Այո, հետևել եմ: Սփյուռքում մենք հետևում ենք Հայաստանի բոլոր մարզական իրադարձություններին: Ինձ համար ուրախություն է տեսնել, որ հայրենիքում սպորտը զարգանում է, հատկապես բասկետբոլը, որն իմ ուղղությունն է: Ուզում եմ` աշխարհում Հայաստանը ճանաչվի նաեւ որպես բասկետբոլի երկիր:

– Հասցրե՞լ եք ծանոթանալ բասկետբոլիստների հետ:

– Մեր խաղացողները սփյուռքից են: Ես ճանաչում եմ ամերիկաբնակներին: Բոլորի հետ մշտական կապի մեջ եմ:

– Դուք գիտեք  և ՛թիմի խաղը, և՛ բասկետբոլիստներին: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Անշուշտ, խնդիրներ կան, և  աշխատելու շատ տեղ ունենք: Մեր տղաների մեծ մասն ուսանողներ են, ամռանը դասընթացներ են ունենում, և դժվարություններ են առաջանում թիմով հավաքվելու համար: Ընտանիքից հեռու մնալ, ստանալ ծնողների համաձայնությունը, սրանք ևս որոշակի դժվարություններ են: Սակայն, բասկետբոլիստները սիրով են համաձայնել խաղալ հավաքականի կազմում: Կամքը կա:

– Այս տարի Մ 20 տարեկանների հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Ի՞նչ նպատակներ ունեք այդ մրցաշարի հետ կապված:

– Իհարկե նպատակներ ունեմ, բայց չեմ ցանկանում արտահայտվել: Ես միշտ փոքր ծրագրեր եմ առաջ բերում, որ ավելին անենք: Հայաստանի համար նոր երևույթ է նման մակարդակի մրցաշարերի մասնակցելը: Յուրաքանչյուր խաղ ինձ համար կռիվ է և պետք է առանձնահատուկ մոտենալ: Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու մեզ համար: Հենց այս` պայքարի և նվիրումի կարգախոսով ենք մոտենալու ամեն խաղի: Կարծում եմ, այդ դեպքում արդյունքը չի ուշանա:

– Մինչև Եվրոպայի առաջնությունն ի՞նչ ծրագրեր ունեք: Ե՞րբ է լինելու առաջին հանդիպումը թիմի հետ:

– Մենք հունիսի կեսին կհավաքվենք Հայաստանում եւ կսկսենք մարզվել: Կփորձենք ստուգողական հանդիպումներ ունենալ: Նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 3-4 թիմերի մասնակցությամբ: Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

– Նոր խաղացողներ կլինե՞ն հավաքականում:

– Այո, նոր խաղացողներ ունենք: Մեր թիմը տարիքային սահմանափակում ունի, ըստ այդմ փոփոխություններ ունենք:

armsport.am