Եվա Զոհրաբյանը նկարահանվում է թրաֆիքինգի ենթարկված կանանց մասին պատմող ֆիլմում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Եվա Զոհրաբյանը նկարահանվում է թրաֆիքինգի ենթարկված կանանց մասին պատմող ֆիլմում. life.panorama.am

«Ա Թի Վի» հեռուստաընկերությունը նոր հեռուստաֆիլմ է սկսում, որը շոշոափելու է շատ կարևոր ու խնդրահարույց թեմա՝ թրաֆիքինգը: 25 մասանի «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում  Սարգիս Գրիգորյանի, Գնել Սարգսյանի, Էվա Խաչատրյանի, Էվա Գրիգորյանի, ով Սարգիս Գրիգորյանի դուստրն է, Ալեքսանդրը Բաբասյանի, Աննա Էլբակյանի և այյլոց հետ միասին կնկարահանվի նաև երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ով և Life.panorama.am-ի հետ զրույցում նոր աշխատանքի մասին մանրամասներ է հայտնել.

«Լսել էի ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանի  աշխատանքների մասին, հենց այդ գործերով էլ, որպես ռեժիսոր, նա հետաքրքիր էր ինձ: Երբ ստացա այս նախագծում նկարահանվելու  առաջարկ, սիրով համաձայնեցի, այնուհետև փորձնական աշխատանքից հետո հաստատվեցի և սկսեցինք աշխատել: Ելենա Արշակյանի հետ սա մեր առաջին համատեղ աշխատանքն է. կարծում եմ, որպես ռեժիսոր և դերասան, լավ կհասկանանք իրար»,- պատմեց Եվան և խոսեց նոր սերիալի սյուժետային զարգացումների մասին.

«Այս ֆիլմը մի պատմության մասին է, որն ինձ համար շատ օտար է: Խոսքը թրաֆիքինգի մասին է և բոլոր այն գործողությունների, որոնք տեղի են ունենում մեր քաղաքում, որոնց մասին մենք անտեղյակ ենք: Իմ հերոսուհին առանցքային կերպարներից մեկն է, ում շուրջ էլ կատարվում են հիմնական գործողությունները: Հենց իմ կերպարիս միջոցով էլ բացվում է այդ գաղտնի պատմությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Եվայի խոսքով՝ սերիալի նկարահանումներն արդեն սկսել են.

«Ես արդեն իսկ մեկ նկարահանման օր եմ ունեցել, որտեղ կարողացա ավելի աշխատանքային մթնոլորտում համագործակցել Ելենա Արշակյանի հետ, ով բավականին հետաքրքիր ռեժիսոր է և կարողանում է ճիշտ խնդիրներով հասցնել դերասանին ցանկացած հոգեվիճակի»,- հավելեց նա՝ նշելով, որ այս հեռուստաֆիլմը եթերում կլինի հունիսից:

Եվա Զոհրաբյանը նկատեց նաև, որ սերիալը ունի նպատակային մեսիջ.

«Այսօր վախը մարդկանց մեջ շատ-շատ է, վախը հենց խթան է հանդիսանում մարդկանց տարատեսակ գործողությունների համար: Իմ հերոսուհին էլ, այս կամ այն պատճառներից ելնելով, դիմանում է ու սեփական վախերի զոհը դառնում: Նա չի կարողանում կոնկրետ գործողություններ կատարել, որոնք ճակատագրական են դառնում իր համար: Կարծում եմ՝ այս ֆիլմից հետո մարդկնաց պատկերացումները կփոխվեն նման իրավիճակների մասին: Սա գուցե տարբեր հարցերի շուրջ մտածելու տեղիք տա, այն կոչ կանի մարդկանց լինել ավելի անվախ և ռիսկային»,- ընդգծեց դերասանուհին:

Անդրադառնալով այս աշխատանքից զատ  ծրագրերին՝ դերասանուհին նշեց.

«Քանի որ հիմա նաև սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և մոտենում է ավարտական տարին, պատրաստվում եմ դիպլոմային ներկայացմանը: Այս պահի զբաղվածությանս մեծ մասը թատրոնում է, այդ իսկ պատճառով էլ շատ նախագծերի մասնակցել ինձ թույլ չեմ կարող տալ: Վստահ եմ, որ առաջիկայում կլինեն մի շարք նախագծեր, որոնց մասին կցանկանամ խոսել, սակայն հիմա դեռևս կլռեմ»:



Նման նյութեր