Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել: Այս և այլ հարցերի շուրջ ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Օպերային թատրոնն այս տարվա ընթացքում հանդես կգա վիրտուալ դեկորացիաներով, ինչը լուրջ ձեռքբերում է: Ծանր ու թանկարժեք դեկորներին կփոխարինեն վիրտուալ դեկորները, որոնք ավելի հասանելի են: Դա շատ ընդունված տարբերակ է, որից շատ օպերային թատրոններ զուրկ են»,- նշեց նախարարը:
Եվրոպական թատրոններից նաև հինգ ներկայացում է գնվել, որոնք մոտ ապագայում կներկայացվեն հայ թատերասերներին:
Անդրադառնալով օպերայի շենքում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մտադրությանը` Ամիրյանն ասաց, որ իր ծրագրերը չեն կարող փոխվել:
«Ես պետք է կոչ անեմ, որ մեր հասարակությունը փոխի վերաբերմունքը այն ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնք մենք նախատեսում ենք կառուցել օպերային թատրոնում: Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը: Չի կարելի այն անպայման կապել ուտեստների հետ, որոնց մասին հաճախ խոսվում է սոցիալական ցանցերում: Հասկանում եմ, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց մենք ցանկանում ենք նոր մշակույթ ձևավորել, որը մեր իրականության մեջ դեռ չկա, բայց որին մեր հասարակությունը արժանի է»,- շեշտեց նախարարը և հավելեց, որ նման ծրագրերի նպատակը ռեստորանի կամ այլ հարակից կառույցների միջոցով գումար վաստակելը չէ:
Արմեն Ամիրյանի խոսքով` իրենք ցանկանում են գեղեցիկ ու հաճելի մթնոլորտ ստեղծել, ինչը կնպաստի, որ հանդիսատեսն ավելի մեծ սիրով գնա ներկայացում դիտելու: Դրամ պետք է վաստակել բեմադրությունների միջոցով: