ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարը կարծում է, որ ցանկացած քարանձավ կամ պատմամշակութային հուշարձան կարելի է պատշաճ մակարդակով պահպանել, եթե դրա շահագործումն իրականացվի ճիշտ կանոններով:
«Քարանձավները վարձակալության են տրվում միայն զբոսաշրջության զարգացման նպատակով»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով`այսօր մեր քարանձավները բարձիթողի և անմխիթար վիճակում են:
«Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ մարդիկ ապօրինի գումար են վերցնում զբոսաշրջիկներից ու նրանց թույլ տալիս մտնել քարանձավներ, իսկ այդ գործընթացը ոչ ոք չի վերահսկում: Ունենալով հստակ ձևակերպված պայմանագրեր` մենք կկարողանանք և´ վերահսկել, և´ ապահովել հետագա պեղումների իրականացման, գիտական աշխատանքները, և´ հանրահռչակել այդ քարանձավները: Նախատեսված մրցույթը միտված է այդ ամենի կանոնակարգմանը»:
Վարձակալության կտրվեն հետևյալ քարանձավները` Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» քարանձավները: