Ֆրանսուա Ֆիյոնը խոստանում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը
Advertisement 1000 x 90

Ֆրանսուա Ֆիյոնը խոստանում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 24-ը կհիշատակի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես իր նախկինները: Այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ի հետ հարցազրույցում:

«Կարևոր է հազարավոր զոհերին չմոռանալը: Այս ցեղասպանության զոհ դարձան Օսմանյան կայսրության արևելյան` Փոքր Ասիայի նահանգներում բնակվող շուրջ 1.5 միլիոն հայեր, որը կազմում էր հայ բնակչության շուրջ երեք չորրորդը»,- նշել է Ֆիյոնը` ընդգծելով, որ Ֆրանսիայում պաշտոնապես ընդունված նման հիշատակի օրերը տասնմեկն են, այդ թվում` ապրիլի 24-ը: Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հիշեցրել է, որ այդ երկիրը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռևս 2001թ-ի հունվարի 29-ին: «Ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Ֆրանսիայի Հանրապետությունն այն նաև խորհրդանշորեն ամրագրել է մարդկության կոլեկտիվ հիշողության մեջ»,- ընդգծել է Ֆրանսուա Ֆիյոնը:

Նրա խոսքով` ճանաչումն, այնուամենայնիվ, չի կարող լինել վերջնական ձեռքբերում, անհրաժեշտ է կատարել նաև հաջորդ քայլը. «խուսափելու համար ֆրանսիական օրենքներով ճանաչված ցեղասպանությունների զոհերի ու նրանց ժառանգների հանդեպ անհավասար վերաբերմունքից ու հիշողության մրցակցությունից»:

Ֆիյոնը հիշեցրել է, որ Շոայի զոհերի ժառանգները ժխտողականությունից պաշտպանվել են օրենքով, ինչը չի արվել հայկական ծագմամբ շուրջ 500 հազար ֆրանսիացիների դեպքում, ովքեր հաճախ պաշտպանել են Ֆրանսիան իրենց արյամբ:

«Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առերեսվել են եզակի մի երևույթի` պետական ժխտողականության: Թուրքիան մեծ սխալ է գործում իր անցյալին չառերեսվելով: Բոլոր ազգերն ունեն իրենց ստվերը և հաղթանակում են դրանք ճանաչելով»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածուն:

Նրա խոսքով` Ֆրանսիան պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, ուստի ցեղասպանության ժխտողականության քրեականացման համար պետք է վերսկսել օրենսդրական գործընթացը: «Ժխտողականության դեմ այս պայքարը պետք է ի վերջս ավարտին հասցնել պատգամավորների ու սենատորների մոբիլիզացման միջոցով»,- ամփոփել է Ֆիյոնը:



Նման նյութեր