Բարսելոնում ավտոբուսներ են գործարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի գովազդով. El Mundo
Advertisement 1000 x 90

Բարսելոնում ավտոբուսներ են գործարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի գովազդով. El Mundo

Կատալոնիայի անկախության հանրաքվեն քարոզող գովազդային արշավ է ծավալվել Բարսելոնի հասարակական տրանսպորտում: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը:

Նրա տեղեկատվությամբ՝ մինչև ապրիլի 30-ը ինքնավար հանրակցության մայրաքաղաքում երթուղիներ են դուրս գալու 21 ավտոբուսներ՝ «Որովհետև դա իմ իրավունքն է: Ձայն՝ հանուն հանրաքվեի» մակագրությամբ: Բացի այդ, մինչև ապրիլի 24-ը նմանօրինակ հայտարարություններ կտեղադրվեն մետրոյի կայարաններում ու վագոններում: Բարսելոնում «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) ներկայացուցիչ Ալբերտո Ֆեռնանդեսը հորդորել է քաղաքագլխին՝ «անհապաղ ազատվել գովազդից», քանի որ այն «քարոզում է ոչ իրավական գործողություններ, որպիսին, օրինակ, հանրաքվեն է»:

Կատալոնիան ինքնավար հանրակցություն է Իսպանիայի հյուսիս-արևելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն է տվել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերն Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձևին: Դրանից հետ թագավորության Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել այս փաստաթղթի գործողությունը:

Չնայած դրան՝ կատալոնցի անջատականները շարունակում են պնդել, որ հանրաքվեն կայանա: Ավելի վաղ մարզի կառավարության փոխղեկավար, «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Օրիոլ Ժունկերասը չի բացառել, որ ինքնավարությունը միակողմանի կարգով  անկախության կհռչակի, եթե Մադրիդը թույլ չտա հանրաքվե անցկացնել թագավորության կազմից դուրս գալու շուրջ:

Իսպանիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ թույլ չեն տա հանրահարցում կազմակերպել: Բացի այդ, Իսպանիայի Սահմանադրության մեջ չկան հոդվածներ, որոնք ինքնավար մարզին թույլ են տալիս առանց կենտրոնական  կառավարության հետ համաձայնության հանրաքվե անցկացնել և միակողմանի կարգով անկախություն հռչակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր