Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն օրերս ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։ Գայանեի անձնական կյանքի այս փոփոխությունը մեծ արձագանք ստացավ երկրպագուների կողմից։ 2 օր է՝ բոլորը քննարկում են նրա ամուսնությունը։ Հաղորդավարուհին չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, նրա ամուսինը՝ Ջիանին, բացառություն արեց Tert.am Life-ի համար և խոսեց սիրելիի հետ ծանոթության ու հարաբերությունների մասին։
«Գայանեի հետ ծանոթացել ենք 2007 թվականին՝ իմ շատ սիրելի ընկերուհու, հարազատ մարդու՝ Արմինկայի տարեդարձի օրը։ Ի սկզբանե, ուղղակի ընկերներ էինք, սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվեցին»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե որքան ժամանակ է, ինչ ինքն ու Գայանեն միասին են։
Զույգն այժմ վայելում է երջանկությունը։ Ջիանին նշեց, որ հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է․ «Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»։
Այս փուլում հաղորդավարուհին ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրում։ Շատերը կարծում են, որ ամուսնությունից հետո նա դադարելու է գործունեություն ծավալել։ Ամուսինը, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտում սիրելիի աշխատանքին։ «Ես շատ կողմ եմ, որ Գայանեն աշխատի։ Մենք վերադառնալու ենք Հայաստան, և Գայանեն շարունակելու է գործունեությունը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում իր գործունեության մեջ։ Ավելին, կողմ եմ, որ իր գործունեությունն ավելի մեծ թափ առնի»,- ասաց նա։
Զույգը Հայաստան կվերադառնա մոտ 2 ամսից։ Թեև այս փուլում խոսակցություններ են շրջանառվում, որ Գայանեն մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու հետ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, իրականում հակառակն է եղել՝ Ջիանին է վերադառնալու Հայաստան։
Այս տարիների ընթացքում Գայանեն ամեն ինչ արել է, որպեսզի որդին՝ Ալեքսանդրը, լավ դաստիարակություն, լավ ուսում ստանա։ Որդու մասին խոսելիս հաղորդավարուհին նշել է, որ կյանքում առաջնային կարևորում է իր տղային, ինչ-որ չափով իր կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում է որդու դաստիարակությամբ։ Դերասանուհու ամուսնուց հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերություններ ունի Գայանեի որդու հետ․ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Ինքս էլ ունեմ մեծ երեխաներ, որդիս 21 տարեկան է, աղջիկս՝ 19։ Ես շատ ուրախ եմ, որ Գայանեն էլ ունի երեխա։ Մեր երեխաներն են։ Բոլորը շատ նորմալ են վերաբերում մեր հարաբերություններին։ Հասուն մարդիկ են, ամեն ինչ հասկանում են։ Բնականաբար, ես ու կնոջս տղան կարողանում ենք ընկերություն անել։ Գայանեն էլ իմ երեխաների հետ է շատ մտերիմ։ Երեկ էլ միասին էինք»։
Ալեքսանդրն այժմ սովորում է Չինաստանում և ներկա չի եղել փոքրիկ խնջույքին, որ կազմակերպվել էր Գայանեի և Ջիանիի ամուսնության կապակցությամբ։ «Մենք մեծ խնջույք չենք արել, ուղղակի հավաքվել ենք նեղընտանեկան շրջանակներում։ Նախատեսնում ենք այստեղ էլ հավաքույթ անել»,- եզրափակեց Ջիանին։
Ամբողջությամբ՝ life.tert.am