ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առևտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ Իվանկա Թրամփը հավանություն է ստացել այն առևտրանիշերի համար, որոնք կապված են ոսկերչական զարդերի, պայուսակների և սպա-ծառայությունների առևտրի հետ: Նշվում է, որ Պեկինի թույլտվությունն ստացվել է ապրիլի 6-ին՝ ԿԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի հանդիպման օրը: Երկրների ղեկավարների ընթրիքին ներկա են եղել նաև Իվանկան ու նրա ամուսինը՝ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները:
Ինչպես նշել է գործակալությունը, Թրամփի պաշտոնակալությունից հետո նրա դուստրը առևտրանիշերի հայտեր է ներկայացրել նաև Ֆիլիպիններում և Կանադայում:
CBS News հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Էթիկայի հարցերով Սպիտակ տան նախկին իրավախորհրդատու Ռիչարդ Փեյնթերը կարծում է, որ Իվանկա Թրամփը «վտանգում է խախտել օրենքը»: «Ամեն ինչ պարզապես գերազանց կլիներ, եթե նա նաև չաշխատեր Սպիտակ տանը»,- հայտարարել է Փեյնթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: