«Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) ապրիլի 21-23-ը կկայանա «Էքսպո Գրուպ» ընկերության կողմից կազմակերպած «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացրին վերոնշյալ ընկերությունից՝ հավելելով. «Հայաստանում տուրիզմի զարգացումը մեծ ներուժ ունի և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության արդյունքում, այս ոլորտում առաջընթացն ու զարգացումն օրեցօր ավելի տեսանելի են դառնում:
2017 թվականի ապրիլի 21-23-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կմեկնարկի Էքսպո Գրուպ ընկերության կողմից կազմակերպած «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: «In Tour Expo 2017» ցուցահանդեսը լավագույն հարթակն է ոլորտի մասնագետների և սպառողների շփման համար:
Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր և լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ոչ միայն ամբողջ Հայաստանում և Արցախում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում. ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր և այլն:
«In Tour Expo 2017» ցուցահանդեսին մասնակցելու են տուրիստական ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից, Վրաստանից, Իսրայելից, Չեխիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և այլ երկրներից:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Աէրոֆլոտ» ավիաընկերության, ինչպես նաև «Անրիվա Տուր» տուր-օպերատորի և «Նաիրի ՍՊԱ Ռեսորթ»-ի կողմից ցուցահանդեսի այցելուների միջև խաղարկվելու են բազմաթիվ արժեքավոր մրցանակներ` ավիատոմսեր, ուղեգրեր և այլն:
«In Tour Expo 2017» ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Ցուցահանդեսի գործընկեր երկիրն է Ռուսաստանի Դաշնությունը»: