Գառնիից հայտնաբերված փոքրիկ սրինգը, որը պատրաստվել է արագիլի ոտքի ոսկորից՝ ցուցանմուշ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գառնիից հայտնաբերված փոքրիկ սրինգը, որը պատրաստվել է արագիլի ոտքի ոսկորից՝ ցուցանմուշ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Հնչյուն և լռություն: Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը:

«Երաժշտությունը ժամանակի մեջ հնչյուն և լռություն համադրելու արվեստն է: Արվեստի բոլոր արդի ճյուղերի նման, այն հազարավոր տարիների ճանապարհ  է անցել: Բանական մարդուն կենդանական աշխարհից զատող գործոնների մեջ երաժշտական արվեստը համարվում է վեհագույնն ու աստվածայինը»,- այսպես է բնորոշում հավաքածուն ցուցահանդեսի համադրողը՝ Նայիրի Խաչատուրեանը:

Հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ. այս ամենը մեկտեղվել ու ստեղծվել էր յուրօրինակ ցուցադրություն, որտեղ միահյուսվել են ժամանակը, պատմությունը, ազգայինն  ու  մշակույթը:

Ցուցադրության հիմնական  նպատակն է՝ հանրությանը ներկայացնել  նվագարանների ստեղծման և զարգացման պատմությունը, դրանց կենցաղավարումը, գործառույթները, ինչպես նաև երաժշտի ու վարպետի դերը պատմության հոլովույթում։

Ցուցադրված ղողանջող գործիքները պատկանում են երաժշտական գործիքների հարկանային խմբին: Զանգերը, որոնց հիմնական ձևն անփոփոխ է մնացել, միշտ ունեցել են երկակի գործառույթ՝ կանչել և վանել: Դրանք աղոթքի, հավատքի և արդարության կոչ են անում և ազդարարում ժամանակը, վանում են չարն ու բացասականը:

Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս՝ բացահայտելու նվագարար-վարպետի կերպարը, ով օգտագործելով բնության տարրերն ու նյութերը, կենդանիների մարմնի տարբեր մասերը՝ պատրաստել է իր նվագարանը, ինչպես Արարիչը՝ մարդուն: Այս ամենի ապացույցն է, օրինակ, Գառնիից հայտնաբերված փոքրիկ սրինգը, որը պատրաստվել է արագիլի ոտքի ոսկորից:

Ցուցադրվեցին նաև երաժշտական այլ գործիքներ՝ թառ, սանթուր, քամանչա, ուդ, քանոն, դհոլ, որոնցով ստեղծված երաժշտությունն այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրելու տեղադրված հատուկ սարքերի միջոցով:

Ցուցադրությունը կրում էր նաև ինտերակտիվ բնույթ՝ այցելուները կարող էին ցուցադրված երաժշտական գործիքներից մի քանիսն ինքնուրույն նվագել: Սա հատկապես հետաքրքիր էր փոքրիկ այցելուների համար:

Ցուցադրությունն ուղեկցվում էր դուդուկահար Նորայր Քարտաշյանի կողմից երաժշտական կենդանի կատարմամբ:

ԱԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կայքէջից