Նկարահանվել է «Եվրատեսիլ2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ:
Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին: Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինեն Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»-ում:
Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիքը, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը: Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային “Fly with me” երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը, ովքեր ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ:
«Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջև՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս», նշում է Արծվիկը:
Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր և յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը: Բացի այդ, ներկայացվում է նաև ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են նաև բեքվոկալիստներ Անուշիկ Տեր Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը և երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է խնջույքներին հայկական գինեխմության ավանդույթը: