Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ով օրերս հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Ոնց կսիրեի» տեսահոլովակը: Մեզ հետ զրույցում երգիչը պատմել է ոչ միայն նոր աշխատանքի մանրամասների, այլև այժմ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող շրջագայությունների և Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին:
««Ոնց կսիրեի» երգի երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է՝ իմ լավ ընկերը, իսկ բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակն էլ վստահեցի ռեժիսոր Վահե Հարությունյանին, ում հետ առաջին անգամն էի համագործակցում: Հուսամ՝ մեր բոլորիս համատեղ աշխատանքը հասցրել է դուր գալ շատերին»,- նշեց երգիչը:
Գուրգենի նոր երգը իրեն հատուկ ոճում է, թեև երգիչը ժամանակ առ ժամանակ նոր ոճերում ևս իրեն փորձում է, բայց նաև խոստովանում. «Հենց իմ հարազատ ժանրի համար են մարդիկ ինձ սիրում ու ճանաչում»:
Գուրգեն Դաբաղյանը տարվա մեծ մասը Հայաստանում չի լինում, քանի որ արտերկրից հրավերները շատ են: Այս պահին էլ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
«Այնպես է ստացվել, որ երկրից շատ եմ բացակայում: Սա է նաև պատճառը, որ երբեմն-երբեմն տեսահոլովակների ու նոր երգերի առումով դադարներ եմ վերցնում: Հիմա Ռուսաստանում համերգների եմ մասնակցում, այստեղ շուրջ մեկ ամիս կլինեմ ու անդադար կներկայանամ մեր ռուսաստանաբնակ հանդիսատեսին: Միաժամանակ, տեսահոլովակս է փաստում, որ աշխատում եմ նաև համատեղել թե բեմական, թե էկրանային գործունեությունս, փորձում եմ թույլ չտալ, որ մեկը մյուսին խանգարի: Իմ այսպիսի գործելաոճով փորձում եմ նաև հայաստանաբնակ հանդիսատեսին նորություններ ներկայացնել, քանի որ մեզ մոտ համերգներ քիչ են կազմակերպվում, իսկ տեսահոլովակներն ու նոր երգերը գոնե կլրացնեն սակավաթիվ համաերգների բացը»,- հստակեցրես երգիչը:
Խոսելով հայաստանաբնակ և արտերկրում ապրող հանդիսատեսի տարբերություններից՝ Գուրգենը նշեց.
«Տարբերություններ շատ կան: Ամենակարևոր տարբերությունը դրսի հայերի կարոտն է, նրանք ավելի ներողամիտ են ու խիստ չեն դատում: Իսկ Հայաստանում մարդիկ ավելի խիստ են ու շատ են հասկանում երաժշտությունից, հատկապես՝ Գյումրիում»:
Գուրգեն Դաբաղյանը նկատեց նաև, որ շուտով ևս երկու տեսահոլովակ կներկայացնի իր հանդիսատեսին, որոնց երգերը այժմ աշխատանքային փուլում են:
Իսկ վերջում, անդրադառնալով շուտով Ստամբուլում կայանալիք մենահամերգին, երգիչը նշեց.
«Համերգը լինելու է Ստամբուլում ապրող հայերի համար, այսինքն՝ մեր համայնքի: Նախկինում այնտեղ համերգներով եղել եմ ու ասեմ, որ շատ լավ հայություն կա: Ի դեպ՝ մենահամերգս իմ երաժշտական խմբի հետ միասին կկայանա»: