Երգիչ Վիգեն Հովսեփյանը երեկ իր հարազատների ու ընկերներին ներկայացրեց առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է Echoes։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչը նշեց, որ երկու տարի աշխատել են ձայնասկավառակի վրա։
«Ձայնասկավառակում ընդգրկված են հայկական ժողովրդական երգեր։ Ընտրված են այնպիսի երգեր, որոնք քիչ են կատարվել։ Այս ամենով փորձել եմ մի նոր բան տալ մեր մշակույթին։ Բոլոր ստեղծագործություններն էլ նոր գործիքավորմամբ են ներկայացված, բայց աշխատել ենք շատ փոփոխություններ չանել»,– ասաց Վիգենը։
Վերջինս նշեց, որ օգտագործել է տարբեր երաժշտական գործիքներ` դուդուկ, կիթառ, թավջութակ, դաշնամուր և այլն։ «Ձայնասկավառակում տեղ գտած երգերը կոմերցիոն չեն։ Մեր նպատակն է հին հայկական երգերը այսօրվա սերնդին լսելի դարձնել։ Մենք շատ հարուստ ժառանգություն ունենք, պետք է այնպես անենք, որ այն չմոռացվի։ Շնորհակալն եմ Ռաֆֆի Մենեշչյանին, որը հովանավորել է ինձ։ Առանց նրա օգնության այս ձայնասկավառակը չէր լինի»,– նշեց Վիգենը։
Երգչի խոսքով` ձայնասկավառակի երգերին ինչ–որ չափով ծանոթ է իր կինը, որն արդեն ունի իր սիրած երգը։ Վիգենը նշեց, որ այդ երգը «Գուլոն» է։ «Կարծում եմ` այսօրվա երիտասարդությունը հետաքրքրված է հին հայկական երգերով, և ձայնասկավառակը կսիրվի շատերի կողմից»,–հավելեց նա։
Ի դեպ, շնորհանդեսին ներկա էին Սոֆի Մխեյանը, Էրիկը, Միշոն և այլք։ Վիգենը ներկաների համար կենդանի նվագակցությամբ 4 երգ կատարեց։
«Վիգենի իսպանական երգերն եմ սիրում։ Նա հիանալի է կատարում այդ ժանրի երգերը։ Կարծում եմ` նույնչափ կսիրեմ նաև այս ձայնասկավառակի երգերը, քանի որ նա հիանալի ձայն ունի և հետաքրքիր ձևով է մատուցում երգը։ Նրա աշխատանքները բարձր մակարդակով են արվում։ Կսպասեմ նրա իսպանական երգերի ձայնասկավառակին, հուսով եմ` շատ չի ուշանա»,– ասաց Էրիկը։
Սոֆի Մխեյանը, որը հանդիսանում է նաև Վիգենի պրոդյուսերը, նշեց, որ ձայնասկավառակի երգերի ընտրությունը Վիգենն է արել։ «Ես շատ քիչ մասնակցություն եմ ունեցել ձայնասկավառակի երգերի ընտրության հարցում, սակայն մինչև թողարկելը ծանոթ եմ եղել բոլոր երգերին։ Ինձ շատ է դուր եկել Անիին նվիրված երգը, որը հետաքրքիր ձևով է ներկայացված։ Ամեն անգամ այդ երգը լսելիս փշաքաղվում եմ։ Վիգենը, անպայման, կտարբերվի մեր հայկական շոու–բիզնեսում, քանի որ ունի հետաքրքիր մատուցման ձև, որն իրեն է բնորոշ»,– եզրափակեց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am