Պատմամշակութային արժեք ներկայացնող արխիվային նյութերի հրապարակումներով Facebook-յան օգտատեր Ռուբեն Շուխյանին արդեն շատերն են ճանաչում: Այս անգամ պարոն Շուխյանը իր էջում հրապարակել է հին Երևանի Կարմիր կամրջի լուսանկարը, մակագրելով.
«1905 թվականի լուսանկարում պատկերված է Հրազդան գետի վրա գտնվող Հին Երևանի Կարմիր կամուրջը, որը հիմնովին վերանորոգվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո: Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ և բարեգործ Խոջա-Փիլավի, որը ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը, իսկ Կարմիր է կոչվել, որովհետև կառուցված է կարմիր տուֆից: Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Լուսանկարը արված է Երևանի բերդի տարածքից, իսկ դիմացի պլանում՝ Դալմայի հանրահայտ այգիներն են: Ներկայումս կամուրջը կիսաքանդ է և գտնվում է անխնամ վիճակում»:
Ավելացնենք, որ ներկայումս Կարմիր կամուրջն ունի այս տեսքը: