Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ապրիլի 22-ի առավոտվա ժամը 5-ի սահմաններում ուժեղ քամին տանիքից պոկել և 150 մետր հեռու է շպրտել Գուրգեն Հարությունյանին պատկանող առանձնատան թիթեղածածկ կտուրը:
Ինչպես տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, առանձնատան տանիքի ընդհանուր մակերեսը 124 քառակուսի մետր է:
«Քամու պոռթկումն այնքան ուժեղ է եղել, որ իր ամրություններից պոկված կտուրի կեսն ամբողջությամբ շպրտվել է 150 մետր հեռավորությամբ և հայտնվել հարևանի հողամասում: Բարեբախտաբար, կտուրի պոկված մասը հարևանի առանձնատանը չի վնասել, այլ կարգի վնասներ էլ չի պատճառել: Կտուրի մնացած կեսի վրա էլ նկատելի են ծռմռված թիթեղները: Մի խոսքով, Գուրգենի առանձնատան կտուրը լրջորեն վնասվել է, ո րի վերականգնման համար քիչ գումար չի պահանջվի: Տուժածի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, նրանց ավագ որդին օրերս է մեկնել արտագնա աշխատանքի: Վնասի հնարավոր չափերը ճշտում ենք, տեսնենք, թե ինչով կարող ենք օգնել»,- ներկայացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ապրիլի 22-ի գիշերվա և առավոտվա ժամերին քամին ունեցել է 9 մետր վայրկյան ուժգնություն: Բացի Լանջաղբյուրի դեպքից, մարզի համայնքներից քամու հասցրած վնասների մասին այլ ահազանգեր Ճգնաժամային կառավարման կենտրոնում չեն ստացվել:
Խոսրով Խլղաթյան