Քրիստինե Պեպելյանը նշում է 37-ամյակը. հետաքրքիր պատմություններ երգչուհու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քրիստինե Պեպելյանը նշում է 37-ամյակը. հետաքրքիր պատմություններ երգչուհու մասին. life.tert.am

Tert.am Life–ը նոր շարք է սկսում, որի շրջանակներում կբացահայտենք հայ արտիստներին՝ ընկերների և երկրպագուների միջոցով։ Մեր առաջին հերոսը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է, որն, ի դեպ, այսօր տոնում է 37–ամյակը։ Երգչուհու ամենամոտ ընկերներից մեկը՝ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը և իր երկրպագուներից Անին մեզ հետ զրույցում պատմեցին Քրիստինեի հետ անցկացրած խենթ ու հիշարժան օրերի մասին: Այս պատմություններն արտացոլում են երգչուհու տեսակը։

Անահիտ Մխիթարյան

Քրիստինե Պեպելյանին առաջին անգամ հանդիպել եմ Երգի պետական թատրոնում, որտեղ իրար միայն դեմքով գիտեինք։ Կարծեմ 2003 թվականն էր` նա սկսեց հաղորդում վարել, որտեղ ես խմբագիր էի։ Այդ ժամանակվանից սկսեցի ճանաչել իրեն։ Նախքան մեր մտերմանալը մի օր նա Ամերիկայից  նվեր էր  բերել ինձ համար, մինչև օրս հիշում եմ՝ ինչ նվեր էր։ Անակնկալի էի եկել ու չէի հասկանում, թե ինչու այդ օրն ինձ ասաց` մամաս համով բորշչ է եփել, այսօր գնում ենք մեր տուն։ Իսկապես, զարմանալի առաջարկ էր ինձ համար։ Հետո երբ իրենց տանն էի, ասաց զանգի ձեր տուն, ասա, որ այսօր մնում ես այստեղ։ Այդպես սկսվեց մեր մտերմությունը և մեզ մոտ դա դարձավ ավանդույթ։

Կար մի  շրջան,  երբ  ամեն շաբաթ և կիրակի գնում էի իրենց տուն և մնում այնտեղ։ Այդ երկու օրն իրար հետ էինք անցկացնում։ Երկուսս էլ շատ ենք սիրում հանգիստ վայրում նստել և զրուցել։ Երբեք Քրիստինեին չէիր տեսնի ակումբային, աղմկոտ վայրերում։ Ունեինք սիրած սրճարաններ, բայց մեր հանդիպման մշտական և անփոփոխ վայրը մնում էր իրենց տունը։ Մեր զրույցի թեմաները տարբեր էին. մի օր ֆիլմի կամ հետաքրքիր հաղորդման մասին էինք խոսում, մի օր ինչ–որ թեմայի շուրջ էինք ծավալվում և այլն։

Քրիստինեն հումորի մեծ զգացում ունի։ Նրա կողքին  չես կարող տխրել։ Սովորական պատմությունը այնպես կպատմի, որ ծիծաղից շունչդ կկտրվի։  Նա շատ կարևոր բնավորության գիծ ունի, որ երբեք չի մոռանում և խոստացածը, անպայման, կատարում է։ Եթե չանի այսօր, ապա կանի վաղը, կամ մեկ ամսից։

Երբ գալիս է մեր տուն, նրա սիրած զբաղմունքը կրտսեր դստերս` Սառային նկարելն է։ Ամեն անգամ նրա այցելությունից հետո գեղեցիկ ֆոտոներ են մնում:

Քրիստինեն բոլորի համար աշխարհի ամենաբաց, ամենաանկեղծ մարդն է։ Երբեք չեմ տեսել, որ ինքն իրեն բարձր դասի ու դեր խաղա, թե Քրիստինե Պեպելյանն է։ Նա անմիջական է, նրա համար չկան մարդկանց տեսակներ `բոլորը հավասար են։ Նրա տեսակը բացառիկ է։

Անի

16 տարի և ավելի կլինի, որ ինձ բախտ է վիճակվել ճանաչել Քրիստինե Պեպելյանին։ Մեր առաջին հանդիպումը եղել է 2010 թվականի հոկտեմբերի 10–ին։ Նրան տեսնելով` սկսեցի հուզվել ու արտասվել` ինձ ասաց` սովորական մարդ եմ, պետք չէ ինձ համար լացել։ Վստահ եմ, որ շատ առիթներ կլինեն հանդիպելու։ Այդ օրվանից հետո նա ինձ որպես Անի` խենթ երկրպագու ընդունեց։ Նա ինձ համար ավելին է, քան երգչուհի։ Նա ընկեր է, քույր, հարազատ մարդ, որի հետ կարող ես խոսել ցանկացած թեմայով և հաստատ ճիշտ խորհուրդներ կստանաս։ Ուրախ եմ, որ  ինքը կա իմ կյանքում։ Նրա հետ շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել։ Անգամ մի օր  պիցցա եմ առաքել իրենց տուն, որ իրեն տեսնեմ, քանի որ իրեն տեսնելու այլ հնարավորություն չունեի։ Իմանալով` ինչ պիցցա է նա սիրում պատվիրեցի և առաքիչի օգնությամբ իրականացրեցի ցանկությունս։ Ճիշտ է, Քրիստինեն մի փոքր զայրացավ , բայց մինչ օրս մենք հիշում ենք ու ծիծաղում։

Հետաքրքիր օրերից կառանձնացնեմ նաև, երբ Քրիստինեն երկրպագուներիս անակնկալ արեց և Հայկոյի ստուդիա հրավիրեց, որտեղ նա Արամ Գինոսյանի հետ դուետ էր ձայնագրվում։ Այդ օրը շատ հաճելի էր մեզ համար։

Հիշում եմ, երբ նա Արմենիա TV–ում վարում էր «Բարի լույս» ծրագիրը։ Այնպիսի օր չկար, որ ես չգնայի հեռուստաընկերության մոտ` իրեն տեսնելու։ Այդ ժամանակ ես սովորում էի, բայց դա էլ ինձ չէր խանգարում։ Մինչև նրան չտեսնեի, չէի գնում դասի։ Արմենիա TV–ի աշխատակազմն արդեն ճանաչում էր ինձ։

Ժամանակ է եղել, հաճախ ենք հանդիպել նրա հետ, ժամանակ է եղել, իր ծանր գրաֆիկի պատճառով երկար ժամանակ չենք տեսնվել։ Բայց դա չի խանգարել, որ հեռախոսազրույց ունենանք։ Նա միշտ պատրաստակամ է լսել մեզ ու օգնել` կլինի անձնական, թե գործնական հարց, ճիշտ խորհուրդներ է տվել։ Եղել է այնպես, որ մեր տան անդամներին ոչինչ չեմ ասել, առաջինը նրա հետ եմ կիսվել։

Քրիստինեն շատ լավ մարդ է։ Կուզեմ, որ իր նման մարդիկ շատ լինեն։ Նա ինձ համար կնոջ իդեալ է, ունի մարդկային բարձր արժեքներ։ Շնորհակալ եմ, որ իր շնորհիվ ես ձեռք բերեցի նոր և շատ լավ ընկերներ։ Ինչպես ինքն է ասում` միսիան կատարվել է և իր երկրպագուները դարձել են ընկերներ։

Ուզում եմ, որ ինքը միշտ առողջ լինի, երջանիկ, թող աշխարհի ամենասիրուն, ամենալուսավոր պատուհանները բացվեն իր ճանապարհին։ Իրեն բազում բարձր բեմեր, նոր երգեր եմ մաղթում։ Հուսով ենք, որ այս տարի, անպայման, մենահամերգ կլինի։

 



Նման նյութեր