Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ (96-ը չի քվեարկել) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ինչպես Պրահայից հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը՝ բանաձևում, ի մասնավորի, նշվում է.
«Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում և վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։
Ամսագիրը գրում է, որ բանաձևը ներկայացվել է սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ, Չեխհայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից։ Ավելի վաղ Չեխիայի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Միլոշ Զեմանն իր զորակցությունն է հայտնել Չեխիայի հայ համայնքին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ։