Ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր` «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում խաղում է նաև դերասան Ալեքսանդր Բաբասյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս անգամ ևս խաղալու է բացասական հերոսի։ Ըստ սցենարի` Ալեքսանդրի և Մերի Հակոբյանի հերոսների միջև սիրավեպ է սկսվում, որը փոխում է հերոսի կյանքը։
«Կերպարս շատ հետաքրքիր ու բազմաֆունկցիոնալ է։ Հերոսս թմրամոլ է, լկտի, կնամոլ, սակայն երբ սիրահարվում է, ամեն բան փոխվում է։ Համաձայնեցի խաղալ այս դերը, որովհետև ֆանտաստիկ լավ և բարդ կերպար է։ 10 տարի է` սերիալային ասպարեզում եմ, առաջին անգամ եմ սցենարը կարդալիս անհանգստություն զգացել։ Հասկացա, որ շատ հզոր, լավ, միաժամանակ` ահավոր բարդ դեր է»,– ասաց դերասանն ու հավելեց, որ մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը։
Ժամանակին Ալեքսանդրը հրաժարվում էր խաղալ բացասական կերպարներ։ Ռեժիսոր Ելենա Արշակյանը երկրորդ անգամ է կոտրում դերասանի կարծրատիպը։ Առաջինը «Կայարան» հեռուստասերիալում Առնոյի կերպարն էր։
«Ես վերանայեցի սկզբունքիս, քանի որ դերասանական առումով ավելի հասունացա։ Ես շատ–շատ եմ աշխատում ինձ վրա` թե՛ հագուստի, թե՛ դերասանական խաղի, թե՛ ժեստերի ու շարժուձևի, թե՛ այլ առումներով։ Այդ աշխատանքի արդյունքում ես հասունացա և հասկացա, որ բացասական կերպարներն ավելի բարդ է խաղալ։ Դրական կերպարը, որն անընդհատ ասում է, որ սիրում է, շատ պրիմիտիվ է խաղալը։ Նույն «Կայարանում» Առնոյի կերպարը բազմաֆունկցիոնալ է. չկա 2 մարդ, որոնց հետ նա նույն կերպ խաղա` կնոջ, երեխայի հետ այլ մարդ է, քրոջ հետ` այլ, հակառակորդի հետ` բոլորովին այլ։ Դա հետաքրքիր է։ Որքան էլ Առնոյի կերպարը բարդ է, այս «Դեպի վայրէջքում» դերս շատ ավելի մեծ աշխատանք է պահանջում։ Առավել ևս, որ ֆիլմն ընդամենը 20 սերիա է և բացվելու շատ քիչ տեղ ունի, չես կարող որևէ տեսարան ձախողել»,– շեշտեց դերասանը։
Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե մասնագիտությամբ դերասան չէ` նա ասաց, որ միշտ աշխատում է իր վրա։ «Սիրում եմ միշտ առաջ գնալ և հաղթել։ Շատ անվանի մարդիկ ասում են, որ շատ դերասաններ, ովքեր ավարտել են Թատերականը, կերազեին իմ կեսի չափ խաղալ։ Չեմ կարող ասել, ովքեր են ասել, սակայն մեր բնագավառից շատերն են ասել դա։ Թատերականի դիպլոմ կարելի է ձեռք բերել տարբեր ճանապարհներով։ Այդ դիպլոմը քեզ ուղղակի անուն է տալիս, բայց դու կարող ես քեզնից ոչինչ չներկայացնել դերասանական ասպարեզում։ Շատ դեպքերում զարմանում ես, երբ իմանում ես` այսինչ մարդը Թատերականն է ավարտել։ Դա դարձել է չափման ինչ–որ միավոր, բայց իրականում բոլորը պետք է աշխատեն իրենց վրա»,– ընդգծեց նա։
Ալեքսանդրը հաճախ է հայտնվում քննադատությունների թիրախում, սակայն մտավախություն չունի, որ բացասական կերպար խաղալը կավելացնի քննադատությունների քանակը։ Ավելին, նա կարծում է, որ հիմա, երբ մարմնավորում է բացասական հերոսի, լսարանն իրեն սիրում է առավել, քան երբևէ։
«Ամուսնությունիցս հետո, բնականաբար, շատ էի լսում բացասական կարծիքներ։ 5 տարվա մեջ վերջին 1 տարվա ընթացքում նկատում եմ, թե մարդիկ ինչպես են ինձ սիրում։ Ես չէի էլ ակնկալում, որ բացասական կերպարս այսպես կսիրվի։ Հետաքրքիր է, սակայն Առնոյի կերպարը խաղալուց հետո աննկարագրելի սեր եմ նկատում իմ հանդեպ։ Ամառվանից եմ խաղում այս դերը։ Թեև այն բացասական է, սակայն հասարակությունը փոխվել է իմ հանդեպ։ Այժմյան կարգավիճակս ինձ հիշեցնում է «Աննայում» Վարդանի դերը խաղալու ժամանակահատվածը։ Նորից մեծ մասսայականություն և սեր եմ վայելում։ Դա զգում եմ ոչ միայն վիրտուալ տիրույթում,այլև իրական կյանքում։ Կիրակի գնացել էի եկեղեցի։ Մարդիկ մոտեցել, ձեռքերս էին համբուրում։ Նման բան մեկ էլ «Աննայում» խաղալու ժամանակ էր եղել, թեև այս ընթացքում տարբեր սերիալներում տարբեր կերպարներ եմ խաղացել։ Հիմա, նույնիսկ, ցնորվածության հասնող արարքներ եմ տեսնում»,– եզրափակեց դերասանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am