«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2017թ. դասընթացին, որը կմեկնարկի մայիսի 2-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում: Այս մասին տեղեկացրին պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքների տրամադրում և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:
Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:
Դիմումներն ընդունվում են մինչև 2017թ. մայիսի 2-ը: Դիմումի ձևաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում: