Գյումրիում ապրիլի 30-ից մայիսի 3-ը կանցկացվի HAY-AT JAZZ (Հայը՝ ջազում, ջազը՝ բակում) խորագիրը կրող նախագիծը՝ նվիրված ջազի միջազգային օրվան:
Նախաձեռնությունը Գյումրիում ինչպես միշտ այս անգամ ևս կյանքի կկոչվի «Մանուկյան ընկերության» և «Ջազի հայկական ասոցիացիա»-յի համագործակցության արդյունքում՝ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողներին տեղեկացրեց «Մանուկյան ընկերության» նախագահ Մկրտիչ Մանուկյանը՝ հավաստիացնելով, որ այդ օրերի ընթացքում ջազի սիրահարները միայն իսկական ու մաքուր ջազ են լսելու՝ Գյումրիի հայտնի թանգարանների բակերում: Մասնակցելու են Լևոն Մալխասյան ջազ տրիոն, Չիկոս նյու տրիո և Աննա Կոստանյանը, Արմեն Հյուսնունց քառյակը և Լուսինե Սարգսյան ու Ռաֆայել Պետրոսյան բենդը: Մուտքն ազատ է:
«Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Ժամանակի ընթացքում տարածվելով մեծացրել է իր սահմանները՝ հնարավորություն տալով ջազ կատարողներին երբեմն հեռանալ նաև դասական ջազի սահմաններից և իմպրովիզի միջոցով ստեղծել ջազային յուրահատուկ ձեռագիր: Գյումրիում ջազի սիրահարները շատ չեն, բայց երաժշտական այս ոճի նվիրյալ երկրպագուներ են»,- նշեց Մանուկյանը:
Հենց այդ երկրպագուների համար էլ, Մանուկյանի խոսքով, 2012 թվականից նախաձեռնել է «Ջազը և Գյումրին» նախագիծը, որի շրջանակներում կազմակերպվում են տարբեր համերգային ծրագրեր: