
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքին նույնպես ապահովել բնակարանով: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին: