Ապրիլի 27-ի գիշերը` լույս 28-ին, ժամը 03:00-ի սահմաններում Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Armtimes.com-ին պարզ դարձավ, որ Անի թաղամասում գտնվող բիլիարդի խաղասրահներից մեկում ուշ գիշերին սկանդալային ծեծկռտուք է սկսվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի քանի երիտասարդների միջև, որի հետևանքով տուժել է 1985 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արտակ Մ.-ն: Մեր աղբյուրներից մի քանիսի փոխանցմամբ՝ երկաթյա ձողով հարվածել են Արտակ Մ.-ի գլխին:
Նա գիշերը 03:25-ին տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ Արտակ. Մ.-ի մոտ ախտորոշվել է ծանր գանգուղեղային վնասվածք, գանգաթաղի ոսկրերի ներմղված կոտրվածքներ, գլխուղեղի ծանր սալջարդ: Տուժածը գտնվում է ուղեղային կոմայի մեջ, միացված են արհեստական շնչառական սարքավորումներ: Առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները նրան նախապատրաստում են վիրահատության:
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին մեր տեղեկությունները, որ 03:25-ին Գյումրի ԲԿ է տեղափոխվել վերոնշյալ անձը: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
Նարեկ Կիրակոսյան, Գյումրի