Վիկա Մարտիրոսյանը երկար սպասված նորություն ունի
Advertisement 1000 x 90

Վիկա Մարտիրոսյանը երկար սպասված նորություն ունի

«Ամարաս» պարային համույթը մայիսի 1–ին կներկայացնի նոր տեսահոլովակ։ Երկարատև դադարից հետո նրանք իրենց երկրպագուներին կներկայանան նորովի։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը բացեց փակագծերը և մանրամսներ պատմեց տեսահոլովակի մասին։

«Վաղուց էի ուզում մի մեծ աշխատանք ներկայացնել։ Ամեն անգամ ժամանակս չէր հերիքում։ Սա բարդ  և ժամանակատար աշխատանք է։ Երբ վերադարձանք «Armenian Europe Music Awards Paris 2017»–ից, սկսեցինք իրագործել այն։ Երկար ժամանակ է, ինչ տեսահոլովակ չէինք ներկայացրել` չնայած արտիստների հետ հաճախ ենք համագործակցում իրենց տեսահոլովակներում։ Պահը հասունացել էր և ասելիք կար։ Ցանկությունս մեծ էր ներկայացնել մեր համույթի սաներին»,– ասաց Վիկան։

Վերջինս նշեց, որ ցավում է` այս անգամ չի կարողացել բոլորին ներգրավել։ «Ի սկզբանե, ուզում էի բոլոր սաներիս ներգրավել, բայց մենք ունեինք տեղի խնդիր և տեսահոլովակում նկարահանվեցին միայն 11–32 տարեկան սաները` մոտ 110 հոգի։ Ծրագրում եմ հետագայում բոլոր սաներիս ներկայացնել»։

Պարուհու փոխանցմամբ` տեսահոլովակը պատմում է իրենց առօրյայի մասին` պարային ստուդիայում, կուլիսներում և բեմում։ «Տեսահոլովակը սկսում ենք դասական պարով, որը պարարվեստում պարի թագուհին է։ Այն ինձ շատ հոգեհարազատ է։ Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել սովորել այդ ամենը և փոխանցել իմ սաներին։ Տեսահոլովակում նաև անակնկալ կա, որի մասին դեռ չեմ խոսի։ Մայիսի 1–ին բոլորը կտեսնեն։ Հուսով եմ` շատերը կհավանեն»,–նշեց Վիկան։

Վերջինս նշեց, որ Նիկ Եգիբյանն այս երաժշտությունը հատուկ իրենց տեսահոլովակի համար է գրել։ «Նիկը ժամանակակից երաժշտության ամենատաղանդավոր երգահաններից է, որը ներկայացնում է նոր ու հետաքրքիր լուծումներով երաժշտություն։ Մեր համագործակցությունը շատ հեշտ ստացվեց։ Նա միանգամից հասկացավ, թե ինչ եմ ուզում»,– հավելեց պարուհին։

Եզրափակելով խոսքը` Վիկան  նշեց, որ 24 ժամ տևած նկարահանումները անցել են շատ լավ. «Շնորհակալ եմ իմ սաների ծնողներին, որ թույլ տվեցին 24 ժամ տանջել իրենց երեխաներին։ Բարդ նկարահանումներ են եղել, բայց կարծում եմ` արդյունքը արդարացնում է դա։ Շնորհակալ եմ նաև մյուսներին, որ մեզ աջակցեցին ու իրականացրեցինք մեր վաղեմի ցանկությունը»։

Ամբողջությամբ՝ life.tert.am