Ի՞նչ շոու բիզնեսի մասին է խոսքը, երբ երգիչների եկամուտը մեծ մասամբ խնջույքներից և հարսանիքներից է կախված. Վիգեն Հովսեփյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ շոու բիզնեսի մասին է խոսքը, երբ երգիչների եկամուտը մեծ մասամբ խնջույքներից և հարսանիքներից է կախված. Վիգեն Հովսեփյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է իսպանական երգերով հայկական շոու բիզնես մուտք գործաց, սակայն այսօր արդեն նաև հայկական ժողովրդական երգեր կատարող Վիգեն Հովսեփայնը, ով երկար տարիներ ապրելով Իսպանիայում՝ մշտական բնակությամբ վերադարձել է Հայաստան:

– Վիգեն, հայաստանաբնակ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց իսպանական երգերով, բայց այսօր արդեն հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակ եք ներկայացրել: Իսպանական երաժշտությունից՝ դեպի հայկական ժողովրդական երգեր՝ ինչպե՞ս կայացրիք այս որոշումն ու ինչպե՞ս ընթացավ այս ճանապարհը:

– Եթե համարենք որոշում, ապա դա կատարված էր շատ վաղուց, քանի որ մինչև իսպաներեն երգելը, ես երգել եմ և իմ հոգու ամբողջ էությամբ, հպարտությամբ եմ կրում հայկականը: Հաշվի առնելով մի քանի հանգամանք՝ չէի կարող բաց թողնել հնարավորությունը և չներկայացնել “ECHOES” ձայնասկավառակը, որի միջոցով փորձել եմ իմ փոքրիկ լուման ներդնել մեր հայկական երաժշտության տարածման և զարգացման գործընթացին:

– Այսինքն՝ երկար տարիներ ապրելով արտերկրում` Ձեզնից անկախ լինելով ուրիշ մշակույթի մեջ, սերը դեպի հայկականը փորձեցիք պահպանե՞լ, թե արդեն այստեղ վերածնել:

– Հայ լինելն ինձ համար ի վերուստ տրված մեծագույն շնորհ եմ համարում: Ոչինչ ինձ չէր կարող ստիպել կորցնել սերը դրա նկատմամբ: Իմ բոլոր հաջողությունները կախված են իմ տեսակից, իսկ իմ տեսակը ձևավորել է հայկականը:

– Վիգեն, գիտեմ, որ իսպանական երաժշտությանը ևս հրաժեշտ չեք տվել: Ի՞նչ եք կարծում՝ հայ հանդիսատեսը Ձեզ ո՞ր ժանրում է առավել նախընտրում լսել: Ինքս դժվարանում եմ գտնել այս պատասխանը, քանի որ սիրվեցիք իսպանական երգերով, բայց այսօր շարունակում եք սիրվել հայկական ժողովրդական կատարումներով:

– Միանշանակ, հայկական կատարումները, երգի բառերը, շատ կարևոր են երգը լիովին հասկանալու և զգալու համար, իսկ այստեղ` Հայաստանում, իսպաներենի ոչ բոլորն են տիրապետում, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ հայերեն կատարումներս ավելի հոգեհարազատ կլինեն հայ հանդիսատեսին:

– Դուք եկաք հայկական շոու բիզնես հաստատուն քայլերով, կոնկրետ գործերով ու մեծ ծրագրերով: Դրանց մի մասն արդեն իրականություն է, առաջիկայում հանդիսատեսն ի՞նչ սպասի Վիգեն Հովսեփյանից:

– Առաջիկայում կփորձեմ արտերկրում ներկայացնել “ECHOES” ձայնասկավառակը` համերգային շրջագայությամբ, որի աշխատանքներն արդեն սկսված են: Իմ մեծագույն նպատակներից մեկն է հայկական ծրագրով հանդես գալ արտերկրում և ներկայացնել մեր մշակույթը: Բացի այդ, ունեմ շատ մեծ ծրագրեր, որոնք կփորձեմ իրականություն դարձնել:

– Ի դեպ՝ կցանկանայի լսել ձեր կարծիքը հայկական շոու բիզնեսի մասին: Շատերը «փախչում» ես այս շոու բիզնեսից՝ փորձելով  դրսում հաստատվել, դուք թողեցիք արտերկիրն ու եկաք Հայաստան: Սպասելիքները արդարացվա՞ծ են և ի՞նչ գնահատական ունեք այս ոլորտի հետ կապված:

– Ես ինձ չեմ տեսնում այդ բառակապակցության սահմաններում, քանի որ ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, և մինչ օրս մեծ մասամբ արժանացել եմ դրական արձագանքների: Կյանքում ոչինչ չեմ բացառում, բայց փորձելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և հանդես գալ անկեղծ աշխատանքներով: Իսկ ինչ վերաբերում է շոու բիզնեսին, ի՞նչ շոու բիզնեսի մասին է խոսքը, երբ երգիչների եկամուտը մեծ մասամբ խնջույքներից և հարսանիքներից է կախված: Հայաստանում ամեն ինչ շատ խառն է: Հանրության պահանջարկից ելնելով՝ ստեղծվում են կեղծավոր և անորակ աշխատանքներ, որոնք աղտոտում են հայկական երգարվեստը: Մյուս կողմից էլ, մարդիկ գումար պետք է վաստակեն: Շատ բարդ թեմա է, կարող ենք շատ երկար քննարկել, բայց այս ամենի լուծումը ես տեսնում եմ մեր երկրի զարգացման և բարգավաճման մեջ, որից հետո ամեն ինչ իր տեղը կնկնի, իսկ այդ օրը շատ մոտ է, վստահ եմ:

Ամբողջությամբ՝ life.panorama.am