Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մարիա Զախարովային՝ կապված ադրբեջանական «գռեհիկ» հրապարակումների հետ. newsbook.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մարիա Զախարովային՝ կապված ադրբեջանական «գռեհիկ» հրապարակումների հետ. newsbook.am

Ապրիլի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը տարածել է հայտարարություն, որտեղ մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը ադրբեջանական ԶԼՄ-ների «գհեհիկ» հրապարակումների առնչությամբ՝ կոչ անելով «ըմբռնումով վերաբերվել» լրագրողներին, որոնք հետաքրքրվում են Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի (Ադրբեջանի և ՌԴ-ի քաղաքացի) վիճակով:

«Հարկ է նկատի ունենալ, որ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ճակատագրերը գտնվում են ադրբեջանցի ժողովրդի սևեռուն ուշադրության ներքո, իսկ ԶԼՄ-ներն արտահայտում են հասարակական կարծիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում իր վրդովմունքն էր հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ՝ ի պատասխան իր տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանության, որը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին:

«Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները: Դրանք ո՛չ վերլուծություններ են, ո՛չ քննադատություն, այլ պարզապես գռեհիկ նյութեր են: Դրանից հետո դուք մեզ խնդրում եք ներկայացնել ավելի մանրամասն տեղեկությո՞ւն: Նման հոդվածներից հետո անգամ շփվել չես ցանկանում, անկեղծ ասած: Մենք բաց ենք ԶԼՄ-ների առաջ, սակայն անպատկառություն ոչ ոք չի թույլատրել»,- ասել է Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի խնդրանքի՝ ներկայացնել, թե ինչ ջանքեր է գործադրում ՌԴ ԱԳՆ-ն Ասկերովին ազատելու ուղղությամբ:

Նա խնդրել էր ճեպազրույցին ներկա ադրբեջանցի լրագրողներին իրենց գործընկերներին փոխանցել, որ չարժե ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունների մասին նման տոնով գրել:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Արցախի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։

Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

Newsbook.am



Նման նյութեր