Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Միշել Օբաման Օրլանդոյում Ճարտարապետության ամերիկյան համալսարանում հանդիպման ժամանակ հայտնել է, որ այդ պահին փորձել է զսպել արցունքները:
«Ես չէի ցանկանում, որ աչքերումս արցունքներ լինեն, քանի որ այդ ժամանակ մարդիկ կկարծեին, թե լաց եմ լինում նոր նախագահի համար»,- նշել է Միշել Օբաման:
Նրա խոսքով` իր մոտ զգացմունքների պոռթկում է եղել այն մտքից, որ հեռանալու է Սպիտակ տնից: Միաժամանակ Օբաման անկեղծացել է, որ նախագահական ադմինիստրացիայում կյանքը դժվար է եղել և չէր ցանկանա, որ իր երեխաները նորից անցնեն դրա միջով:
Նախկին առաջին տիկինը պատմել է, որ հիմա ընտանիքն ունի հնարավորություն գիշերը բացել պատուհանը կամ ուղղակի ինչ-որ տեղ գնալ առանց ուղեկցության: Նա պարզաբանել է, որ քիչ ժամանակ է անցել, և իրենք դեռևս չեն սովորել նոր կյանքին: