Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 29-ին Կահիրեում կազմակերպված պատարագի ժամանակ օրհնել է Եգիպտոսը` որպես առաջիններից մեկը, որը գրկաբաց է ընդունել քրիստոնեությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Իրական հավատը մեզ ուղղորդում է պաշտպանել մյուսների իրավունքները նույն խանդավառությամբ, ինչպես պաշտպանում ենք մերը: Միակ ֆանատիզմը, որ կարող են ունենալ հավատացյալները, կարեկցության հանդեպ ունեցած ֆանատիզմն է: Մնացյալ բոլորը չեն գալիս Աստծուց և հաճո չեն նրան»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Կահիրեում նա կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների կողմից իրականացվող բռնության, որով վերջիններս ցանկանում են Մերձավոր Արևելքը մաքրել հնագույն քրիստոնեական համայնքներից:
Ֆրանցիսկոս պապի այցը Եգիպտոս տեղի է ունենում անվտանգության խստացված միջոցների ներքո. այցն իրականացվում է ԻՊ կողմից տեղի երկու եկեղեցիներում 45 մարդու կյանք խլած հարձակումից երեք շաբաթ անց:
Ամեն մետրի վրա կանգնած են ոստիկաններ, քաղաքում պտտվում են ռազմական մեքենաները: Ինչպես միշտ Ֆրանցիսկոսը հրաժարվել է իրեն տրամադրվելիք զրահապատ մեքենայից:
Սա Ֆրանցիսկոս պապի կողմից Կահիրե կատարած առաջին այցելությունն է, սակայն նա երկրորդ Հռոմի պապն է, ով գալիս է Եգիպտոս. 2000 թվականին երկիր էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը: