Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Այսօր Մատենադարանի դահլիճում հայտարարվեց «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդների անունները:
Երբ արծարծվեց այն նյութը, թե 1915-ին և հաջորդած մի քանի տարիներին որքան արաբներ, որ աղքատ մարդիկ էին` իրենց սուղ հնարավորություններից բաժին հանելով հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր ցեղասպանությունից մազապուրզ հայերի փրկեցին, ակամայից նույն պահին հիշեցի մի երկու տարի առաջ տեղի ունեցած այն խայտառակ դեպքը, երբ իբրև փրկության ափ` Սիրիայից օդանավով հայերի հետ Հայաստան էր եկել նաև հինգ երեխեքի հետ մի հայ կին ում երեխեքը օտարազգի ամուսնու ազգանունն էին կրում:
Այս կնոջն ու երեխեքին պահեցին օդակայանում (չգիտեմ քանի օր) և ի վերջո հետադարձ թռիչքով ետ ուղարկեցին պատճառաբանելով, թե Հայաստանը պատրաստ չէ նաև «արաբների» տեղ տալ (բա որ մաքուր արաբներ լինեին ինչ կանեինք): Դե հիմա եկեք ու համեմատեք. որքանո՞վ էր համարժեք մեր վերաբերմունքը մի ազգի նկատմամբ (ընդ որում մայրը հայուհի, դե` երեխեքն էլ կիսով հայ), որոնց պապերն ու տատերը մերոնցից տասնյակ հազարավորների պատսպարեցին, իսկ մեկ դար անց նույնպիսի դրության մեջ հայտնված նույնիսկ մեկ արաբ ընտանիքի (այն էլ կիսով հայ) մեր երկիր չընդունեցինք և նման տմարդի վերաբերմունքով ետ ճանապարհեցինք…
Մի դրվագում պ. Ռուբեն Վարդանյանը դիպուկ շեշտեց, որ չի կարելի ներկա պահին ցեղասպանվող ազգին (օրինակ Իրաքի եզդիներին) ասել, թե մեր վիճակը հիմա լավ չէ, ա՛յ երբ որ կհարստանանք, այն ժամանակ էլ` ձեզ կօգնենք: Եվ իրոք մարդը կամ ազգը (մանավանդ ցեղասպանություն տեսած) նույնպիսի իրավիճակում հայտնվածին պետք է պատրաստ լինի օգնել անկախ տվյալ պահին իր նյութական իրավիճակից:
Իհարկե սա ընդունելու և ըստ այդմ դրսևորվելու համար բավական բարձր գիտակցություն է անհրաժեշտ (կամ թերևս` պարզ մարդկային), որից ողբերգականորեն դեռևս կարծես անհույս հեռու ենք…»: