«Եթե ես տեսագրման սարքը չունենայի, լուրջ տուգանքի տակ էի ընկնելու». Արամ Փախչանյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե ես տեսագրման սարքը չունենայի, լուրջ տուգանքի տակ էի ընկնելու». Արամ Փախչանյան

Ներկայացնում ենք «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի Facebook-յան գրառումը.

«Ապրիլի 30-ին մի դեպք պատահեց, որի մասին չեմ կարող լռել։

Մեքենայով գնում էի Գյումրի, «Այբ» դպրոցի բենդի համերգը վայելելու։ Մտա շատերին ծանոթ 50 կմ/ժ սահմանափակում ունեցող արդեն երկար ժամանակ վերանորոգվող հատվածը, արագությունը իջեցրեցի, մեքենայի արագության սահմանափակման գործառույթը միացրեցի, որ հանկարծ պատահական արագ չընթանամ, և հանգիստ գնում եմ, անընդհատ հետևելով արագությանը։

Մեկ էլ դիմացից եկող ճանապարհային ոստիկանության մեքենան ինձ կանգնեցնում է, և ինձ բացատրում են, որ ահավոր արագ եմ քշել, 82 կմ/ժ արագությամբ, ինչը բացարձակ անհնարին է։ Եվ ցույց են տալիս իրենց սարքի տեսագրությունը, որը իսկապես արձանագրում է նման արագություն, նաև այս սարքի հավաստագիրը, որը հաստատում է դրա ճշգրիտ լինելը։

Ես դրան հակառակ ցույց եմ տալիս իմ տեսագրությունը (որը նաև կցված է այս գրառմանը)։ Իմ տեսագրիչը նաև ունի GPS համակարգ, որը հստակ չափում է արագությունը և պատկերում է հենց տեսագրության վրա։ Երկար բանակցելուց հետո իրենք ինձ ազատ թողեցին, բայց դրանից մտահոգությունս չփարատվեց։

Փաստորեն, եթե ես տեսագրման սարք չունենայի, լուրջ տուգանքի տակ էի ընկնելու։ Բայց ես 100% գիտեմ, որ արագությունը չեմ գերազանցել։ Ուրեմն, չնայած հավաստագրի, իրենց սարքը կարող է սխալ աշխատել։

Ո՞վ է դրա համար պատասխանատու։ Չեմ ուզում անգամ մտածել այն ուղղությամբ, որ ոստիկանները ի վիճակի են կեղծել սարքի կողմից գրանցվող տվյալները»։



Նման նյութեր