Հունաստանում ավարտվեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկացվում էր երկու տարիքային խմբերում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում էր 50-ից բարձր մրցաշարին:
Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթանակ տոնեց Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
2017 թվականի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի ընտրանին, որի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, վաստակեց 15 միավոր և դարձավ փոխչեմպիոն, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մեր թիմի անդամները արժանացան նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճեցին արծաթե մեդալներ: