Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հանրությանը գրավել է իր յուրօրինակ ձայնով ու հզոր էներգիայով:
-Սրբուհի, գիտեմ, որ անդադար աշխատում եք, որոնց մասին միշտ չէ, որ հանդիսատեսը նախապես տեղյակ է լինում: Ուզում եմ, նախևառաջ, տեղեկանալ այս շրջանի Ձեր գործունեությունից:
– Այո, փորձում եմ կանգ չառնել ու անդադար աշխատել: Այս պահին ծրագրում եմ ընթացիկ տարվա ընթացքում գոնե երկու տեսահոլովակ ներկայացնել: Թեև գիտեմ, որ դա հեշտ չի լինի, քանի որ տեսահոլովակ ունենալը մեծ թիմային աշխատանք ու ֆինանսներ են պահանջում, բայց միևնույն է, ես միտված եմ դրան: Հիմա նախապատրաստական փուլում ենք, խմբիս հետ միասին աշխատում ենք երգերի վրա, դրանց ստեղծման համար կրկին համագործակցում ենք Լազարոյի և Արամ Աբգարյանի հետ: Միշտ լավ աշխատանքն ապահոված է լինում, եթե դրա վրա թիմ է աշխատում:
-Սրբուհի, Ձեր վերջին՝ «Եթե կարող ես» տեսահոլովակը հիթ դարձավ: Սա հազվադեպ երևույթ է, որովհետև միշտ չէ, որ արտիստների բախտը բերում է, ու իրենց ներկայացրած երգը դառնում է տարվա հիթ: Հիմա ինչի՞ վրա եք շեշտը դնում, որպեսզի գրանցած հաջողությունը կրկինվի:
– Իհարկե, հիմա պարտավորությունս կրկնապատկված է, որպեսզի ինձ սիրող հանդիսատեսի սպասելիքները արդարացնեմ: Մի գաղտնիք բացեմ՝ իմ զգայարաններս շատ ուժեղ են, եթե ես երգը լսում եմ, իսկզբանե զգում եմ՝ այն հիթ է դառնալու, թե ՝ ոչ: Այդպես եղավ հենց «Եթե կարող ես» երգի ժամանակ, միայն թե հետաքրքրականն այն էր, որ այդ երգս ներկայացնելուց երկու ամիս անց այն հիթ դարձավ: Այդ ընթացքում ներքուստ հակասական զգացողություններ ունեի, մի տեսակ չէի սպասում, բայց հետո հասկացա, որ ես չէի սխալվում, ու թեկուզ մարդկանց ժամանակ էր պետք այն ընկալելու համար, բայց միևնույն է, այն սիրվեց ու հիթ դարձավ: Ավելի ուշ՝ բացօթյա համերգների ժամանակ, հանդիսատեսն ինձ հետ հավասար երգում էր ողջ երգը, իսկ դրանից առավել գնահատական երգչին պետք չէ: Հիմա, երգեր ընտրելիս, կրկին կենտրոնանում եմ ու լսում սրտիս: Իհարկե, գաղտնիքներ չեմ բացի ու չեմ ասի, թե նոր երգերս ի՞նչ ոճում կլինեն, բայց վստահեցնում եմ՝ հետաքրքիր աշխատանքներ են սպասվում:
-Ձեր բենդը հաճախ է ակումբային համերգներով հանդես գալիս, ավելի մեծամասշտաբ համերգով ներկայանալու ծրագրեր չկա՞ն:
– Իհարկե, կլինեն նաև համերգներ, որովհետև կենդանի համերգից հետաքրքիր բան, ըստ իս, չկա: «Allusion band»-ը միշտ պատրաստ է հաճելի զգացողություններ տալ հանդիսատեսին, միայն թե այժմ մենք ավելի շատ կենտրոնացել ենք հեղինակային ստեղծագործությունների վրա: Ուզում ենք, քավերներից զատ, ներկայանալ մեր երգերով ու դրանցով առավել մեծ ճանաչում ունենանք: Ամիսներ անց հավանաբար կկայանա արդեն մեր հեղինակային գործերով համերգը: Հիմա ծրագրում ենք նաև մեր ձայնասկավառակի ծավալները մեծացնել, քանի որ դրանց մեծ մասը արտերկիր հանվեց, իսկ այստեղ ևս պահանջարկը, ի ուրախություն մեզ, կա:
-Սրբուհի, հատկապես երիտասարդների երաժշտական ճաշակը կարծես թե զարգացում է ապրում: Եթե մի քանի տարի առաջ կոմերցիոն երաժշտությունը գերիշխող մասն էր կազմում, ապա այսօր երիտասարդների մի մեծ հատված դրանք չի լսում, փոխարենը ընտրում է որակյալ երաժշտություն: Ըստ Ձեզ, ինչո՞ւմ է կայանում այս զարգացումը:
– Շատ ուրախ եմ, որ դա այդպես է, իսկ այդ հարցում, մի քանի գործոն է աշխատում: Նախ համացանցի առկայությունը, որը օր օրի մեզ ավելի մեծ հանարվորություններ է ընձեռում, թույլ տալիս ծանոթանալ ու լսել մեգաաստղերին և այլն, այս հարցում մեծ նշանակություն ունի նաև ակումբային կյանքը, որը կրկին գնալով մեծ տարածում է ապրում ու իր հերթին երիտասարդներին լավ երաժշտություն է առաջակում: Հույս ունեմ, որ մադկանց երաժշտական ճաշակն էլ ավելի է դեռ բարձրանալու: Ի վերջո, տարիներ առաջ, երբ կորպորտաիվ միջոցառումներին միայն 6/8 կամ կոմերցիոն երաժշտություն էր հնչում, ո՞վ կմտածեր, որ ժամանակ կգա և այդ նույն ընատնեկան միջոցառումների ժամանակ կհնչի եվրոպական երաժշտություն ու մարդիկ կպարեն դրանց ներքո: Վստահ եմ՝ զարգացում դեռ ավելի է լինելու, միայն ժամանակ է պետք:
-Վերջերս «Ռադիո Վանի» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացաք: Հետաքրքիր է՝ ի՞նչ դեր ունեն Ձեզ համար մրցանակները:
– Մրցանակը արտիստին հաճելի զգացողություններ է պարգևում: Քեզ գնահատված ես զգում, այն քեզ նաև մեծ ստիմուլ է տալիս առավել հետաքրքիր աշխատանքներ ստեղծելու համար: Ինձ էլ, մյուս արտիստների նման, այդ գեղեցիկ մրցանակաբաշխության ժամանակ հաճելի էր արժանանալ հատուկ մրցանակի:
Ամբողջությամբ՝ life.panorama.am