Հունգարիայում ապրող եւ աշխատող մոդել Սոնա Ղազարյանը հաղթող է ճանաչվել «Քիմ Քարդաշյանի նմանակ» մրցույթում: Այն անցկացվել է ապրիլի 10-30-ը: Մասնակիցներն առցանց համակարգով լուսանկարներ են ուղարկել՝ 2-ը՝ ամբողջական, 1-ը՝ դիմանկար: Հաջորդ փուլ անցածները մասնակցել են հարցազրույցի: Այս փուլում էլ Սոնան հաղթել է: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես է որոշել մասնակցել Հունգարիայում 1-ին անգամ անցկացվող այդ մրցույթին:
«Բուդապեշտի ամենահայտնի թեթերից մեկում (կայքը՝ life.hu) մրցույթ էր հայտարարվել, փնտրում էին Քիմ Քարդաշյանի նմանակին: Այստեղ ընկերուհիներիցս շատերն են ինձ նմանեցնում նրան, եւ երբ լսեցի մրցույթի մասին, մտածեցի՝ ես էլ դիմեմ: Հարյուրավոր դիմորդներ կային, բազմաթիվ գեղեցիկ աղջիկներ: Կարծում եմ՝ իմ հայ լինելը նպաստել է հաղթանակիս: Շատ ուրախ եմ, որ հենց ինձ են ընտրել: Կյանքում պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, որովհետեւ երբեք չենք կարող իմանալ, թե տվյալ հաջողությունը մեզ ու կուղեկցի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հունգարիայում Քիմ Քարդաշյանը նորաձեւության թագուհի է համարվում, եւ երիտասարդները կրկնօրինակում են նրան:
Հաղթանակից հետո՝ հաջորդ շաբաթվանից, Սոնան ֆոտոսեսիաներ է ունենալու: Ոճաբանի, մեյքափ արտիստի եւ վարսահարդարի օգնությամբ թիմը փորձելու ստանալ Քիմ Քարդաշյանին հնարավորնս նման կերպար: Լուսանկարները հրապարակվելու են հունգարական մի շարք թերթերում: Սոնան մասնակցելու է նաեւ հեռոստահաղորդումների: Լինելու են նաեւ այլ աշխատանքներ, որոնց մասին մոդելը դեռ մանրամասներ չգիտի:
Սոնան Հունգարիայում բավականին հայտնի մոդել է: Այդ երկիր է տեղափոխվել 18 տարեկանում՝ սովորելու եւ աշխատելու: 19 տարեկանից սկսել է լուսանկարվել տարբեր ամսագրերի համար: Հասցրել է նաեւ հանդես գալ հունգարական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկի՝ RTL-ի հեռուստասերիալներից մեկում: Մարմնավորել է հարուստ տղամարդու ընկերուհու: Մոդելինգի հետ միասին ունի նաեւ պետական աշխատանք: Մայրաքաղաք Բուդապեշտում աշխատում է Epam Systems միջազգային կազմակերպության ադմինիստրացիայում: