«Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում…». Անի Քոչար. past.am
Advertisement 1000 x 90

«Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում…». Անի Քոչար. past.am

past.am-իբլից հարցերին պատասխանում է հայրենիքից հազարավոր կլիոմետրեր հեռու գտնվող Անի Քոչարը:

Ձեր օրն սկսվում է

– Օրս մշտապես սկսվում է տղայովս. արդեն ավելի քան 5 տարի նա իմ զարթուցիչն է ու լույսը:

Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Կյանքն ինքը՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ:

Գեղեցիկը Ձեզ համար

– Բնությունը, ամեն բան, որ լուսավոր է և բարին:

Ո՞ւմ եք դիմում, երբ հուսահատ եք:

– Ինքս ինձ ու իմ կյանքի փորձին, թե ինչպես եմ միայնակ հաղթահարել նախկինում հանդիպած դժվարություններն ու փորձություննրը, ինչպես նաև դիտում և կամ կարդում եմ ինձ համար մեծությունների, ովքեր երբեք չեն հանձնվել՝ անգամ ամենաանելանելի դրության ժամանակ:

Կյանքում երբեք չեք ների

– Փորձում եմ ներել ամենքին և ամեն բան: Ով եմ ես, որ չներեմ, թող Տերը լինի բոլորին դատավոր: Սակայն ներել, դեռևս չի նշանակում մոռանալ: Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում:

 Ձեր ամենամեծ հիասթափությունը

– Կյանքում, ցավոք, հիասթափություններ շատ են եղել և վստահաբար լինելու են, կյանքն է այդպիսին: Հիասթափությունները ինձ սովորեցրել են շատ կարևոր բաներ հավատալ, վստահել և ապավինել միայն ինքդ քեզ: Քո սպասումներն ու ակնկալիքները բացառապես քոնն են, և պարտադիր չէ, որ մարդիկ արդարացնեն դրանք: Ինչպես նաև՝ կյանքն էլ միշտ չէ, որ ամեն բան անում է մեր ուզածով: Այնպես որ, հիասթափություններից ոչ թե պետք է կոտրվել, այլ ամրացած առաջ շարժվել:

 – Մի բան, որի համար շատ եք ափսոսել

– Կյանքում լինում են պահեր, երբ մտածում ես, որ իզուր այդպես վարվեցիր, ասեցիր կամ արեցիր, սակայն ով գիտի, գուցե ճիշտը դա էր: Այնպես որ, որքան էլ դժվար լինի, փորձում եմ չկենտրոնանալ ափսոսանքների վրա:

Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը

– Ինքս շատ ռոմատիկ անձնավորություն եմ, և միշտ շաաա՜տ մեծ ակնկալիքներ եմ ունենում: Պետք է ասեմ, որ չնայած իմ կյանքում ունեցած բոլոր ռոմանտիկ պահերին, վստահ եմ, որ ամենառոմանտիկ հանդիպումը դեռևս առջևում է:

Երբ բարկացած եք

– Օօօօ՜, պայթյունավտանգ եմ: Ավելի լավ է ինձ չբարկացնել, ես չափից դուրս զգացմունքային մարդ եմ և երբեմն էմոցիաներս զսպել չեմ կարողանում: Ավելի լավ է ինձ բարկացած պահին չտեսնել: ))

Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է

– Խելք և զգացմունքներ ունենա: Տանել չեմ կարողանում անհասկացող մարդկանց, ովքեր միևնույն բանը կարող են քանիցս հարցնել և միևնույն է հարցական դեմքով նայել:

Ընտանի կենդանի ունե՞ք:

– Ունեցել եմ  Պուդել շունիկ, սակայն արդեն 3-4  տարի է, ինչ մեզ հետ չէ, ու ամեն անգամ նրան հիշելիս աչքերս լցվում են. Բոնիս 17 տարի մեր ընտանիքի անդամն է եղել:

Եթե լինեիք ամենազոր

– Անիրական բաների մասին խոսել չեմ սիրում, քանզի ինձ հիմար եմ զգում:

Հայրենիքը Ձեզ համար

– Հայրենիքն ինձ համար կրակե շապիկ է, կրակե՜, ցավոտ թեմա ինձ համար:

Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը

– Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներն առջևում են:

Ամենաշատը երազում եք

– Երազանքներիս մասին բարձրաձայնել չեմ սիրում, դրանք այնքան անձնական են:

Վերջին գիրքը, որը կարդացել եք:

– Այժմ էլ կարդում եմ գերմանական մի գիրք դարի հիվանդության` Բուրնաութի մասին: Վերջին տարիներին ավելի շատ ուսումնական և լեզվիս գրքերն եմ կարդում և սերտում:

Երբեք չեք փորձի

– Երբեք չեմ փորձի Լուսին թռչել և երբեք չեմ ասի երբեք: ))

Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար

– Իմ հայրենի տունն է, իմ Երևանն է, իմ Հայաստանն է:

Միշտ վախեցել եք

– Ես վախկոտներից չեմ, թող որ լինի, ինչ լինելու է, և թող Տիրոջ կամքը լինի:

Մարդ, ով փոխել է Ձեզ

– Ինձ փոխելը դժվար է, դժվար էլ թե մեկը գտնվի, ով փոխի ինձ: Ես դեռ վաղ տարիքից շատ ինքնուրույն եմ եղել և բռնել իմ կայացման ուղին: Սակայն կան մարդիկ, ովքեր լավ օրինակ են եղել ինձ համար և կամ ոգեշնչել են ինձ: Եղել են նաև մարդիկ, ովքեր հավատացել են ինձ և թևեր տվել, ինչի համար մինչ մահ շնորհակալ եմ;

Տանել չեք կարողանում

– Ժլատ տղամարդկանց, թեթևամիտ կանանց, անկիրթ և անդաստիարակ անձանց, կենդանատյացներին….

Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:

– Պրպտող և անհանգիստ մարդ:

Իր, որ միշտ Ձեզ հետ է

– Բջջային հեռախոսս:

Երջանկության՝ Ձեր բանաձևը

– Երջանիկ լինել ինքդ քեզնով, պահով, այն հանգամանքով, որ կաս ու կարող ես դեևս օգտակար լինել և այլոց էլ երջանկացնել: Լինել երջանիկ այժմ և այստեղ: Երջանիկ լինելու համար պետք չէ սպասել, վաղը գուցե չգա: Այս պահն է քեզ տրված ապրելու և վայելելու կյանքը, թեկուզ և, որ այնքան դյուրին ու քաղցր կյանքը:

Ամենակարևորը՝ կյանքում

– Կյանքում շատ կարևոր բաներ կան, սակայն ամենակարևորը սերն ու նվիրումն է: Ես որ՝ առանց դրանց ոչինչ անել չեմ կարող: Եվ եթե զգում եմ, որ դրանք պակասել են իմ մեջ, վերանայում եմ տվյալ բանը` լինի աշխատանք, մարդկային փոխհարաբերություն, թե…

Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:

– Այսօր` քիչ առաջ: Մինչ ձեր հարցերին պատասխանելը որդուս պետք է քնեցնեի: Նա այժմ իմ կողքին է քնում և ամեն գիշեր, քնելուց առաջ մի փոքր զրուցում ենք, նա խոսում է, հարցեր տալիս կամ որևէ բան պատմում, իսկ ես ամեն անգամ ավելի ու ավելի եմ հրճվում և հուզվում նրա տեսակով, խելքով:

Այսօր շատ հուզեց, անգամ արցունքներ կաթեցին աչքերիցս, երբ նա ասաց, որ անգամ երբ շաաա՜տ մեծ լինի, իսկական մեծ տղա, միևնույն է, ես պետք է նրա համար երգեմ և նոր միայն նա քնի: Այնքան հուզիչ էր, նա անգամ չնկատեց, թե ես որքան հուզվեցի: Ամուր գրկեցի և շարունակեցի երգել. նա քնած էր արդեն, իսկ ես դեռևս մտածում էի ու արտասվում:

Այս պահին կուզենայիք

– Որդուս հետ Երևանում լինել. նա տատիկ-պապիկին շատ է կարոտել և ամեն օր Հայաստան վերադառնալուց է խոսում, անգամ վիճում հետս: Ամեն անգամ Հայաստանից վիդեոներ ու երգեր եմ միացնում նրա համար, և նրան ներարկում, որ հայ է, որ աշխարհի ամենահիանալի երկիրը Հայաստանն է, միայն թե տխմար իշխանությունների պահը շրջանցում եմ: ))

Ձեր գերագույն նպատակն այս կյանքում

– Մարդ մնալ և լավ որդի դաստիարակել:

Եվ վերջում

– Եվ վերջում, ինչպես հեքիաթներում, ուզում եմ բարին հաղթի չարին և մարդկանց համար փողը չդառնա սրբություն. մի բան, որ շատ եմ հանդիպում կյանքում:

Ամբողջությամբ՝ past.am



Նման նյութեր