Հայկական կոնյակի փառատոնը կկայանա մայիսի 7-ին Ծաղկաձորում: Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը: Փառատոնին իրենց տաղավարներով կներկայանան կոնյակի հայաստանյան առաջատար արտադրողները:
Ինչպես տեղեկացրին Տուրիզմի զարգացման բարեգործական հիմնադրամի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի ընթացքում կլինի հյուրասիրություն՝ հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ: Կգործեն նաև բազմազան տաղավարներ (հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, արվեստի ստեղծագործություններ, զարդեր, հագուստ և այլն):
Նախատեսվում է շոու ծրագիր, որն իրենց ելույթներով յուրովի կգեղեցկացնեն հայկական էստրադայի աստղեր Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ Smoke-ը: Փառատոնը կավարտվի գեղեցիկ տոնական հրավառությամբ: Մուտքն անվճար է: