Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր աղմկահարույց արխիվային փաստաթուղթ է բացահայտել, որը հրապարակվել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» կողմից:
Թաներ Աքչամի ներկայացրած արխիվային փաստաթուղթը գրված է թուրքական բանակի հրամանատարներից Մահմուդ Քյամիլ փաշայի կողմից և կրում է երկրի ներքին գործերի նախարարության կնիքը:
1915թ.-ի հուլիսի 24-ին գրված հեռագիրը քննվել է 1919-1921թթ.-ին «Իթթիհաթ վե թերաքի»-ի պարագլուխների` Ստամբուլում կայացած դատավարությունների ընթացքում: Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների վերաբերյալ գործի մեղադրական ակտի թղթապանակներում տեղ գտած հեռագրով Մահմուդ Քյամիլ փաշան զգուշացում է հղում Օսմանյան կայսրության տարբեր շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններին, որ իրենց տներում հայերին թաքցնող մահմեդականները նույնպես կպատժվեն:
Հայերին օգնող մահմեդականներին իրենց տան դիմաց կախաղանով սպառնացող Մահմուդ փաշան պահանջում է տեղական ինքնակառավարման մարմիններից իրավիճակը պահել ուշադրության կենտրոնում:
Հեռագրի ամբողջական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք պարզել ենք, որ որոշ գյուղերում և ավաններում մահմեդականները թաքցնում են հայերին: Կառավարության որոշումներին դեմ գնալով հայերին իրենց տներում պահողների տները պետք է ավերել, իսկ իրենց կախաղան բարձրացնել հենց իրենց տան դիմաց: Կատարեք կարգադրությունները, և տեղահանության դատապարտված գեթ մեկ հայի տեղում չմնալու խնդիրը կատարելուն պես տեղեկացրեք մեզ: Կրոնափոխվելով մահմեդականացած հայերը նույնպես պետք է տեղահանվեն: Եթե նրանց պատսպարողները զինված ուժերի ներկայացուցիչներ են` զինվորական ծառայության հետ նրանց կապերը կխզվեն, իսկ եթե ղեկավար պաշտոնի զինվորականներ են` կզրկվեն պաշտոնից և կկանգնեն ռազմական դատարանի առաջ»:
Օսմաներենով գրված հեռագիրը տառադարձված է եղել նաև հայատառ թուրքերենով:
Մահմուդ փաշան թեմայի վերաբերյալ ևս մի հեռագիր է հղել արդեն ավելի ուշ` նույն թվականի օգոստոսի 1-ին և որոշակի հավելումներ կատարել նախորդ հրամանի վերաբերյալ:
Երկրորդ հեռագրում հրամանատարն ընդգծում է, որ կարգադրությունը չպետք է վերաբերվի պետության անմիջական հսկողությամբ մահմեդական ընտանիքներին բաժանված հայ կանանց և որբերին իրենց տներում պահողներին: Նամակի վերջում Մահմուդ Քյամիլը կրկին հավելում է. «Որ կրոնից կամ ազգությունից ուզում է լինեն` հայերին թաքցնողները պետք է մահապատժի արժանանան»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատմաբան Թաներ Աքչամը ևս մեկ կարևոր փաստաթուղթ էր հրապարակել Հայոց ցեղասպանության ժամանակ «Իթթիհաթ վե թերաքի»-ի անդամների վարած քաղաքականության վերաբերյալ:
1915թ.-ի հուլիսի 4-ին հղվել է Էլյազըղի (Խարբերդ) նահանգապետ Սաբիթ բեյին՝ «Իթթիհաթ վե թերաքի»-ի Էլյազըղի ներկայացուցիչ Նազըմ բեյին փոխանցելու խնդրանքով: Հեռագրում հարցում էր հղված տարածքից տեղահանվող հայերի մասին:
«Այդ վնասակար տարրերը միայն տեղահանվո՞ւմ են, թե՞ նաև ոչնչացվում, խնդրում ենք բացահայտորեն տեղեկացրեք մեզ, եղբայր», – ասվում է երիտթուրք պաշտոնյաներից Բահաեթթին Շաքիրի կողմից գրված նամակում: