«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման հաղորդավարական կազմում երկուշաբթիից որոշ փոփոխություններ կլինեն: Հիմնական հաղորդավարներին կմիանա գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, իսկ խոհանոցային էջը կվարի Սաթենիկ Հազարյանը: Լուսինեի ներգրավվածությունը այս հաղորդման շրջանակներ, տրամաբանորեն բացատրվում է նրանով, որ Գայանե Ասլամազյանը, ով երկար տարիներ վարում էր այս հաղորդումը, ամուսնացավ և ժամանակավոր բնակությամբ` մեկնեց ԱՄՆ: Սակայն Սաթենիկ Հազարյանի մուտքը շատերին զարմացրեց, քանի որ այս էջը նախկինում վարում էր դերասանուհի Յուլյա Ֆինկը:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Յուլյա Ֆինկի հետ` ճշտելու, թե ինչո՞վ էր պայմանավորված իր` խոհանոցային էջն այլևս չվարելը.
«Անկեղծ ասած` ինձ համար ևս սա մեծ անակնկալ էր: Արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ էջը ժամանակավորապես փակված էր, քանի որ հովանավոր չունեինք: Նախագծի ղեկավարությունն ինձ ասել էր, որ նոր հովանավոր գտնելու դեպքում կշարունակենք էջը, բայց օրերս հանկարծ կողքից տեղեկացա, որ այսուհետ այդ էջը վարելու է Սաթենիկ Հազարյանը»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.
«Ես, իհարկե, կապ հաստատեցի նախագծի կազմակերպիչների հետ, սակայն նրանք ինձ ասացին, որ ես չէի աշխատում, դրա համար էլ իրենք որոշել են, որ ուրիշ հաղորդավար են բերելու: Այս պատասխանը, ինչ խոսք, ևս ինձ համար մեծ անակնկալ էր»:
Հարցին, թե դերասանուհու և հաղորդման կազմակերպիչների միջև հարաբերություններն արդյոք կոնֆլիկտային են եղել, պատասխանեց.
«Ոչ, ոչ մի նման բան չի եղել: Մենք խնդիր չենք ունեցել, միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել և հենց այդ պատճառով էլ զարմացած եմ և ցավում եմ, որ առանց ինձ տեղեկացնելու նման փոփոխություն են արել, երբ ինձ խոստացել էին սպասել: Ինչևէ, նրանց բարի եթեր եմ ցանկանում»: