Ռիտա Սարգսյանը վետերանների օրը տոն դարձրեց
Advertisement 1000 x 90

Ռիտա Սարգսյանը վետերանների օրը տոն դարձրեց

Հայաստանում 2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ ապրում է 624 Հայրենական մեծ պատերազմի վետերան։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի նախօրեին այցելել էր վետերանների տուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վետերանների տանը Ռիտա Սարգսյանը նվերներ հանձնեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին։ Վետերանների տան նախագահ Սիմոն Եսայանը, շնորհավորելով ներկաներին, ասաց, որ Վետերանների տունն իր մեջ ներառում է 40 վետերանական խորհուրդ և երկու կոմիտե։

«Հայաստանում այսօր ապրում է 630 վետերան։ Մենք մեր գործունեությունն իրականացնում ենք իրավահավասարության և օրինականության, հրապարակայնության և ինքնակառավարման սկզբունքներով։ Ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանի Հանրապետության հասարակական և սոցիալական կյանքին։ Միավորումը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- նշեց Սիմոն Եսայանը։

Պատերազմի մասնակիցներից մեկը, դիմելով Ռիտա Սարգսյանին, օժանդակություն խնդրեց աչքերի հիվանդության բուժման հարցում։ ՀՀ առաջին տիկինը խոստացավ, որ անպայման կհոգա ամեն ինչ և կլուծի այդ հարցը։ Մեկ այլ վետերան՝ Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, հաջորդ տարի կդառնա 100 տարեկան. Ռիտա Սարգսյանը նրան էլ խոստացավ, որ ինքն անձամբ է նշելու վետերանի հոբելյանը։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն ասաց, որ միշտ հիշում և շատ հարգում է բոլոր վետերաններին։ «Ես ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում եմ եղել և ամեն ինչ իմ սեփական մաշկի վրա եմ զգացել։ Չեմ առանձնացնում ինձ նրանցից»,- ասաց ՀՀ առաջին տիկինը։

Նա արցախյան ազատամարտի ժամանակ իր հետ կատարված պատմություններից մեկը պատմեց. թե ռումբերից մեկը պայթել է հենց իրենց հարևանի տան վրա։ «Ես բակում էի ու ինձ վրա արյուն էի զգում, բայց չէի հասկանում թե ինչ է կատարվել։ Պատուհանները փշրվել էին ու ապակիների մի մասը թափվել էր ինձ վրա, այդ պատճառով էլ վերքեր կային։ Իհարկե, այդ ամենը սարսափելի էր և երևի, որ Ադրբեջանի առաջին տիկինը զգար իր կաշվի վրա այս ամենը, երևի պատերազմը վաղուց ավարտված կլիներ»,- եզրափակեց Ռիտա Սարգսյանը։

Վետերանների համար կազմակերպված միջոցառումն ավարտվեց երգ ու պարով։ Ելույթ ունեցավ Նաիրա Գյուրջինյանի հիմնադրած «Վաղորդյան կաթիլներ» խումբը։



Նման նյութեր