Հնամենի Հնաբերդը նորովի կգրավի զբոսաշրջիկներին
Advertisement 1000 x 90

Հնամենի Հնաբերդը նորովի կգրավի զբոսաշրջիկներին

 Արարատի մարզի տարածքում գտնվող պատմական մայրաքաղաք Դվին հնավայրը, որտեղ մշտապես պեղումներ և ուսումնասիրություններ են կատարվում, այսուհետ նորովի կներկայանա զբոսաշրջիկներին ու հյուրերին: Համաշխարհային բանկի 300 մլն դրամ ներդրումների արդյունքում հին թանգարանի շենքը կփոխարինվի նորով, որտեղ կամփոփվեն բոլոր տարիների պեղումների գտածոները, եզակի նմուշները: 300 քմ-ի վրա կառուցվող թանգարանի շենքի մոտ կավելանան կայանատեղին, սանհանգույցը: Ողջ շրջակայքը կհարդարվի, կկանաչապատվի, կապահովվի գիշերային լույսերով, կկառուցվեն տաղավարներ: Բարեկարգվում է նաև դեպի հնավայր տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը, որի համար Արարատի մարզպետարանը ներդրել է 60 մլն դրամ:

Հնաբերդի գյուղապետ Մարատ Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ, շնորհիվ շինարարական աշխատանքների, կավելանա գյուղին կից հնավայր այցելող զբոսաշրջիկների հոսքը, ինչն էլ իր հերթին զգալիորեն կհարստացնի համայնքի բյուջեն:

Հիրավի, Հնաբերդ համայնքին կից Խոսրով Կոտակի նախաձեռնությամբ կառուցված Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Դվինի բերդերն ու պարիսպները, խմելու ջրի ներքին ցանցը հետաքրքրություն են ներկայացնում այցելուների համար: Հնավայրը հին է և, բայց Հնաբերդ գյուղը նոր տեսք է ստացել նաև նորակառույց մշակույթի տնով, գրադարանով, բնակելիներով:

Նշենք նաև, որ Հնաբերդում մայիսի 20-ին ազգային ճաշատեսակների գիտակ, բազմամյա փորձ ունեցող հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ կկազմակերպվի Տոլմայի ամենամյա 7-րդ փառատոնը, որին կմասնակցեն հյուրեր Արցախից, արտերկրից: Այս միջոցառումը զբոսաշրջիկների ուշադրությունը Հնաբերդի վրա հրավիրելու ևս մեկ առիթ է: