Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մայիսի 8–ին ներկայացրեց նոր տեսահոլովակը, որը կոչվում է Standard։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց ինքն է, երաժշտական պրոդյուսինգն արել է DJ Սերժոն, տեսահոլովակը նկարահանել է Արմեն Փիրիմասիհին։ Երգչուհին առաջինը Tert.am Life–ին է տրամադրել տեսահոլովակի լուսանկարները և պատմել Standard երգի ստեղծման մասին։
«Երգի վրա աշխատել ենք ես և Սերժոն։ Standard–ը մեր երկրորդ համագործակցություն է, որը ներառված է Better Way ձայնասկավառակում։ Երգը հիթային է և մեծ ասելիք ունի։ Երգում խոսվում է հարաբերություններում ստանդարտ դարձած արարքների մասին։ Երբ փորձում ես քո սիրով դիմացինիդ դարձնել յուրահատուկ և անթերի, սակայն նրա կողմից ստանում ես ստանդարտ պատասխան և արարքներ, հիասթափվում ես։ Դա լավ չէ։ Երգը կոչ է անում չլինել այնպիսին, ինչպիսին շատերն են, չանել այն, ինչն արդեն ստանդարտ է դարձել, հակառակը`փորձել պահել սեփական անհատականությունը և լինել այնպիսին, ինչպիսին կաս»,– ասաց Աստղիկը։
Վերջինս նշեց, որ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին։ Սա նրանց առաջին համագործակցությունը չէ։ «Արմեն Փիրիմասիհին նկարահանել է նաև իմ «Shalom» և «Որբուկ» տեսահոլովակները։ Քանի որ մեր համատեղ աշխատանքը միշտ լավ արդյունք է ունենում, այս անգամ ևս համագործակցեցի նրա հետ։ Կարողացանք 2 օրում նկարահանել 3 տեսահոլովակ, որից մեկը Standard–ն է»,–նշեց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am