Բասկետբոլի հայկական պատվիրակությունը` ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի ղեկավարությամբ օրեր առաջ Հոնգ Կոնգում մասնակցել է ՖԻԲԱ-ի համաշխարհային կոնգրեսին:
ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում Արթուր Նազարյանը պատմել է ՖԻԲԱ-ի կանոնադրության որոշ փոփոխությունների, աշխատանքային ծրագրերի և Հայաստանին առնչվող թեմաների մասին:
– Ի՞նչ թեմաներ են քննարկվել կոնգրեսի ընթացքումև ի՞նչ փոփոխություններ են կատարվել ՖԻԲԱ-ի կանոնակարգում:
– Կոնգրեսին մասնակցում էին ՖԻԲԱ-ի անդամ 140-ից ավելի երկրներ, այդ թվում Հայաստանը: ՖԻԲԱ-ի ղեկավարությունը ցանկանում էր որոշ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ: Գլխավորն այն էր, որ կանայք իրավունք կունենան հանդես գալ գլխաշորով: Մի շարք երկրներում այսպիսի խնդիր կար: Ստեղծվել էին աշխատանքային խմբեր, Հայաստանը եվրոպական գոտում էր: Խմբերում քննարկվում էր ազգային հավաքականների նոր մրցակարգը, որով խաղալու ենք ամբողջ տարվա ընթացքում: Մինչև այս, ընտրական փուլերն անցկացվում էին մոտ 18 օրվա ընթացքում, իսկ այժմ` տարվա կտրվածքով: Հիմա ՖԻԲԱ-ն փորձում է հասկանալ` որքանով դա կհաջողվի, հատկապես այն երկրներին, որոնք առաջին անգամ են միջազգային կարգի խաղեր անցկացնելու: Նման երկրներից մեկն էլ Հայաստանն է: Պետք էր հասկանալ` ինչ հնարավորություններ ունեն ֆեդերացիաները: Կաշխատենք բարձր մակարդակով անցկացնել հանդիպումները և հնարավորինս շատ օգուտ քաղել:
– Այդ փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի հավաքականի վրա:
– Փոփոխությունը կնպաստի բասկետբոլի մասսայականացմանը, քանի որ ազգային հավաքականի դերը շատ մեծ է: Մենք խաղալու ենք նախնական ընտրական փուլում, և, եթե հաջողվի խմբից դուրս գալ` կխաղանք հիմնական ընտրական փուլում: Եթե չանցնենք, ապա դուրս մնացած թիմերի հետ կխաղանք B դիվիզիոնում: Կարևորը, որ տարվա ընթացքում մի քանի անգամ տանը միջազգային խաղեր կունենանք:
– Հայաստանի հավաքականին վերաբերող ի՞նչ թեմաներ քննարկվեցին:
– Խոսեցինք տարբեր երկրներում բասկետբոլի կարգավիճակի մասին: Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջընթաց ունեցող երկրների թվում է: Չորս դասի երկիր կա` A, B, C, D: Մենք C դասի մեջ ենք` մեկ կարգ բարձր: Դա հավաքականների շնորհիվ է: Մենք բոլոր նախադրյալներն ունենք, որ ավելի բարձր դասի մեջ մտնենք, ինչը լուրջ արդյունք կլինի: A և B դասերում բասկետբոլային երկրներն են: Այս տարի ամռանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանը կներկայացնի վեց հավաքական (4 տղամարդկանց եւ 2 կանանց): Տարիքային վեց թիմ ունենալը շատ լուրջ արդյունք է, ըստ այդմ մենք համարվում ենք դինամիկ զարգացող երկիր: Օրինակ, 2011 թվականին Հայաստանն ընդամենը մեկ տարիքային հավաքական է ունեցել Եվրոպայի առաջնություններում: Այսքանով ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակվել: Փորձելու ենք առաջ գնալ: Պետք է ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնել, որ կարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Մեր պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բազմաթիվ երկրների հետ: Խոսեցինք համագործակցության, ընկերական հանդիպումներ կազմակերպելու մասին: Հիմա գործն ավելի հեշտացել է, քանի որ Հայաստանի հավաքականի մասին տեղեկացված են և ընդունում են որպես լուրջ մրցակից:
– Հայաստանում որտե՞ղ են անցկացվելու խաղերը:
– Նախըտնրական առաջին փուլում խաղերը կանցկացնենք «Միկա» մարզահամալիրում, բայց հիմնական փուլ անցնելու դեպքում այնտեղ չենք կարող խաղալ, քանի որ ՖԻԲԱ-ն պահանջում է 3000-ից ավել նստատեղ ունեցող մարզադահլիճ: Նման հնարավորություն ունի միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք համալիրում: Սա ևս լուրջ հարց է: Կարծում եմ` կկարողանանք արդյունքի հասնել: Այլ տարբերակ չունենք: Մայիսի 19-ին Բեռլինում կմասնակցենք ՖԻԲԱ-Եվրոպայի կոնգրեսին: Այստեղ ևս կշարունակվեն քննարկումները և կամփոփվեն նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները:
armsport.am