Լիզա Ճաղարյանի Facebook-յան գրառումը.
«Երեկ չգրեցի՝ այսօր ծնվել է Կարլեն Վարժապետյանը։ Որովհետև մոռացել էի։ Ծննդյան օրն էի մոռացել։ Ես Կարլենին ծննդյան օրով չեմ հիշում, պարզապես երբեք չեմ մոռանում։ 1984-ի հուլիսյան այդ օրը, երբ Հերբերտ Գասպարյանը Ռադիոտան մոտ կանգնեցրեց ինձ ու ինքն էլ չիմանալով՝ ոնց, մի կերպ արտաբերեց, որ Կարլենը մահամերձ է, ես չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս։ Հիմա էլ չգիտեմ։
Հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում Կարլեն Վարժապետյանը գլխավոր ռեժիսորն էր, ես խմբագիր էի։ Իր ներկայացումների խմբագիրը լինելու բախտ չեմ ունեցել, իմ սիրելի Մարուսիկը՝ Կարլենի կինն էր խմբագիրը։ Ես Կարլենի հետ մտերիմ էլ չէի, բայց նրա մահից հետո հանկարծ գիտակցեցի, որ մամայիս մահից հետո Կարլենն իմ կյանքի հաջորդ անամոք կորուստն է։ Անամոք կորուստը գիտե՞ք որն է. երբ այս աշխարհից հեռացողի հետ աշխարհը փոքրանում է, թթվածինը պակասում է, երբ դու արդեն քո հոգու մի մասով արդեն այնտեղ ես՝ հեռացողների հետ։
Մի օր կպատմեմ «Երկիր Նաիրի»-ի, «Չեզոք գոտի»-ի ռեժիսոր, անսահման սիրելի Մարդ Կարլեն Վարժապետյանի մասին։
Դեռ վախենում եմ»։