Աշխարհի տարբեր երկրներում երկրպագուների հսկա բանակ ունեցող կոլումբիացի դերասանուհի և մոդել Մարիա Հելենա Դոերինգը Հայաստանում ևս բավականին սիրված է: Հայ հանդիսատեսին նա հայտնի է հատկապես «Բլանկոյի այրին» սերիալից, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Ալիսիա Գուարդիոլային: Կոլումբիայի Կալի քաղաքում ծնված հայտնի դերասանուհին կարիերան սկսել է ատամի մածուկի և սուրճի գովազդներում նկարահանվելով: 13 տարեկանում նա աշխատում էր Կալիի ամենահայտնի լուսանկարիչների հետ՝ Ֆերնել Ֆրանկո, Օսվալդո Լոպես, Միկկի Կելերո և Խայմե Անդրես Օրոսկո (Fernell Franco, Oswaldo Lopez, Micky Calero, Jaime Andres Orozco). դերասանուհու մայրը կոլումբիացի է, հայրը՝ գերմանացի:
Մարիա Հելենան սովորել է Լոնդոնում ու ազատ խոսում է մի քանի լեզուներով (մեր հարցազրույցն անցկացրել ենք իսպաներենով): Լեզուների իմացության շնորհիվ աշխատանքի է անցնում Fiat ընկերությունում որպես թարգմանչուհի: Այնուհետև Միլանում աշխատանքի է անցնում Նորաձևության գործակալությունում (Fashion Models Agency):
5 տարվա ընթացքում Մարիան հայտնվում է 67 գովազդային հոլովակներում և աշխատում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան: 1993թ. նկարահանվում է «La Maldicion del Paraiso» («Դրախտի անեծքը») սերիալում ՝ հանդես գալով գլխավոր դերում: Հենց այս սերիալով է ճանաչում ստանում իր հայրենի երկրում՝ Կոլումբիայում: Իսկ 1996թ. նկարահանվում է «Բլանկոյի այրին» սերիալում, որի շնորհիվ ճանաչում է ստանում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Բացի դերասանական վարպետությունից և մոդելային կարիերայից՝ Դոերինգը նաև երգում է, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ազատ ժամանակ զբաղվում է ծաղիկների կոմպոզիցիայով, սիրում է ձի հեծել, կարդալ պատմական գրքեր: Նա ուղղակի տարված է իտալական գրականությամբ: Ունի մեկ որդի՝ Ալեխանդրո Էսկոբար Դոերինգը:
168.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Մարիա Հելենա Դոերինգի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին.
– Լավ դերասան դառնալու համար ի՞նչ է հարկավոր. միայն տաղանդը բավակա՞ն է, թե՞ մեծաշխատանք պետք է կատարես ինքդ քեզ վրա:
-Դերասանական խաղը հոգուց եկող կիրք է: Դեռ մանկուց ցանկանում էի դառնալ դերասանուհի: Մեծ դերասան դառնալու համար, կարծում եմ, ի լրումն որոշակի տաղանդի, անհրաժեշտ են նաև նախապատրաստական աշխատանքներ և հաստատակամություն։
– Դուք հանդես եք գալիս տարբեր դերերով, իսկ իրական կյանքում Ձեր կերպարներից ո՞ւմեք ավելի շատ նման:
– Յուրաքանչյուր դերակատարում քեզանից ինչ-որ բան ունի։ Շատ դժվար է ձայնը և ժեստերն ամբողջությամբ փոխել: Հանգամանքներն ինձ չեն դարձնում իմ կերտած դերերից և ոչ մեկը, բայց այն կերպարը, որին ամենից շատ եմ ինձ նմանեցնում, Լորենսա Մաչադոյի կերպարն է «Անիծված Գեղեցկուհին» սերիալում, քանզի նա պայքարում է և պաշտպանում այն, ինչն ամենաշատն է սիրում։
– Կարծիքներ կան, որ սերիալները բարձր արվեստ չեն և շատ ցածր դիրքերում են գտնվում՝ի տարբերություն կինոյի. Դուք ի՞նչ կասեք այս մասին:
– Ես երբեք չեմ անտեսում սերիալը՝ որպես ժանր, բայց ինձ համար լավագույնը թատրոնն է: Ես շատ հպարտ եմ, որ նկարահանվել եմ ավելի քան 25 սերիալներում: Բայց, իհարկե, երազում եմ նկարահանվել մի լավ ֆիլմում: Նկարահանվել եմ 10 ֆիլմերում, բայց գլխավոր դերեր չեմ խաղացել: Դեռ սպասում եմ «իմ դերին»։
– Ձեր մասնակցությամբ բազմաթիվ սերիալներ են ցուցադրվել Հայաստանում, բայց այստեղՁեզ ճանաչում ու հիշում են հատկապես «Բլանկոյի այրին» սերիալից: Սերիալներ դիտողհանրությունը սիրում էր Ձեր մարմնավորած կերպարին՝ Ալիսիա Գուարդիոլային:
– «Բլանկոյի այրին» ամենակարևոր սերիալն է իմ կարիերայում: Դրանով ինձ սկսեցին ճանաչել Կոլումբիայում և արտերկրում։ Ես հատուկ ջերմություն եմ զգում այդ սերիալի հանդեպ: Կցանկանայի կրկին խաղալ՝ ըստ Խուլիո Խիմենեսի սցենարների։
– Ինչպես նշեցիք՝ Դուք ճանաչված եք ոչ միայն Ձեր հայրենիքում, այլև աշխարհի տարբերերկրներում: Հետաքրքիր է, Ձեզ համար ավելի կարևոր են հաջողությունները կարիերայո՞ւմ,թե՞ ընտանեկան երջանկությունը:
– Իմ ընտանիքը միշտ ինձ համար կլինի ամեն ինչից վեր, իսկ մասնագիտական առումով հանդիսատեսի գնահատանքը շատ ավելի կարևոր է, քան հաջողությունը։ Ես շատ շնորհակալ եմ իմ ընկերներին և երկրպագուներին: Դա է իմ «հաջողությունը»։
– Իսկ հիմա ի՞նչ նախագծի վրա եք աշխատում: Սոցցանցերի Ձեր էջերից հասկացա, որ նորսերիալում եք նկարահանվում:
– Այս պահին արդեն ավարտվել է Netflix-ի համար Fisney-ի և ABC-ի համատեղ արտադրության «Վրեժ» (Revenge) հեռուստասերիալի լատինական տարբերակը՝ նախատեսված Լատինական Ամերիկայի համար: Ես կերտում եմ գլխավոր բացասական հերոսի՝ Վիկտորյա Պիեդրահիտայի կերպարը։ Այն շատ կարևոր կերպար է: Ես շատ վատն եմ (ծիծաղում է.- Ռ.Մ.), և դա ինձ դուր եկավ։ Մի քանի ամսից կլինենք եթերում։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168.am