Մերի Փափազյանը դարձել է Սիլիկոնային հովտի խոշորագույն համալսարանի նախագահ
Advertisement 1000 x 90

Մերի Փափազյանը դարձել է Սիլիկոնային հովտի խոշորագույն համալսարանի նախագահ

Մերի Փափազյանը դարձել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի համալսարանի նախագահ, որը Սիլիկոնային հովտի համար կադրերի պատրաստման խոշորագույն դարբնոց է:

Նա առաջին հայուհին է, որը դառնում է Կալիֆոռնիայի պետական համալսարանի նախագահ և թվով երրորդ կինը, որը գլխավորելու է SJSU-ն:

Փափազյանը դարձել է ուսումնական հաստատության՝ թվով 30-րդ ղեկավարը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել համալսարանի մասնաշենքի տարածքում և Մարտին Լյութեր Քինգի անվան գրադարանում՝ պրոֆեսորադասախոսական կազմի և բուհի ուսանողների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների և Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թևի անդամների մասնակցությամբ:

«Երդմնակալության ելույթում հայտնի գիտնականը՝ անգլերեն գրականության դոկտոր Մերի Փափազյանը, հիշել է իր նախնիների պատմությունը, որոնք փրկվել են ցեղասպանությունից, ինչպես նաև խոսել Կալիֆոռնիայում կրթության զարգացման հարցում հայերի ավանդի մասին»,- ասվում է Սան Խոսեի համալսարանի հաղորդագրության մեջ:

Մերի Փափազյանը Սան Խոսեի համալսարանի ռեկտոր էր ընտրվել 2016 թվականին:

Նա ոչ միայն հայտնի գիտնական է, այլև Կալիֆոռնիայի հայ համայնքի ակտիվ անդամ, ինչպես նաև հայագիտության մասին բազմաթիվ նախագծերի հեղինակ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում:

Մերի Փափազյանի ամուսինը՝ պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Միչիգանի համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադիրն է և տնօրենը: