«Ուզում եք՝ թուրքերը 4 րոպեո՞ւմ Երևան հասնեն» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ուզում եք՝ թուրքերը 4 րոպեո՞ւմ Երևան հասնեն»

«Ես տեսնում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում, այսինքն՝ ֆինանսապես բացահայտել են, որ մարզերում, սահմանամերձ գյուղերում շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում։ Մենք այնտեղ դասարաններ ունենք, որ մեկ կամ երեք հոգի են ներառում, և դրանից  ելնելով՝ նրանք որոշել են առաջ քաշել դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Բայց ես կուզենայի մի միտք ընդգծել՝ ֆինանսական նպատակահարմարությունը, տնտեսական հաշվարկները, պետություն կառուցելիս, երբեմն բավական վատ խորհրդատու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով դպրոցների օպտիմալացման ծրագրին՝ այս մասին ասաց ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Նա նկատեց, որ, եթե առաջնորդվում ենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն  պետություն լինելը ևս ֆինանսապես կարող է ոչ նպաստավոր լինել. «Եվ ավելի նպաստավոր կլինի, եթե դու գաղութի կարգավիճակում հայտնվես, որովհետև մետրոպոլիան կհոգա քո բոլոր ծախսերը։ Բայց այդ ճանապարհը տանում է դեպի դժոխք, այն դժոխքը, որի միջով անցել էինք և կարծես ուզում էինք հաղթահարել։ Հետևաբար՝ օպտիմալացումը կրթության, մշակույթի բնագավառում, փակուղի է, որովհետև, եթե փակվեն այդ դպրոցները, ես կարող եմ երաշխավորել, որ շատ արագ այդ գյուղն էլ կփակվի»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ նշեց, որ կառավարության «պայծառ» ուղեղները, որոնք հաշվարկել են օպտիմալացման ծրագրի շահեկանությունը, թող այդ գումարը դնեն մի կողմ և իրենց հարց տան՝ ո՞ւմ տունն են քանդում.

«Երկիրը մայրաքաղաքը չէ, որ հսկա մի հրեշի է վերածվել, բոլոր հյութերը քամում է, և մարզ, շրջան, սահմանամերձ գոտի համարյա գոյություն չունի։ Հիմա ի՞նչ են անում. դպրոցները փակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերը փակվե՞ն, որպեսզի թուրքական ծրագիրը, թե 14 րոպեում պետք է Երևան մտնեն, հիմա 4 րոպեո՞ւմ հասնեն։ Այդ պայծառ ուղեղները չե՞ն հաշվարկել, որ սահմանը պահողը, բացի սահմանին կանգնած մեր զինվորից, որ օրական մենք, կարծես թե, մատաղ ենք անում ինչ-որ մի դիվային ուժի, նաև գյուղն է։ Սահմանին կանգնած զինվորը կռվում է, որովհետև իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, երեխաներ կան և դպրոց կա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



Նման նյութեր