Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Բերձորից-Ստեփանակերտ ճանապարհը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամերիկահայ Ջորջիկ Անջարգոլյանը ոտքով կանցնի Բերձորից-Ստեփանակերտ ճանապարհը

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Ջորջիկ Անջարգոլյանը պատմել է, որ ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ին, սկսելու է իր քայլարշավը մինչև ժամը 16:00-ն, իսկ հաջորդ օրը շարունակելու   է այն վայրից, որտեղ կանգ էր առել:

«Քայլարշավի ընթացքում ես, ձեռքի ազդանշան տալով, կանգնեցնելու եմ անցնող մեքենաներն  ու ողջունելու եմ Արցախ մուտք գործողներին. նրանց բաժանելու եմ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով Արցախի մասին 10 էջանոց բրոշյուրներ: Քայլարշավի ժամանակ ես հագնելու եմ իմ «Բարի գալուստ Արցախ» մակագրությամբ շապիկը»,- ասել է Ջ. Անջարգոլյանը և հավելել, որ եթե կարողանա նմանատիպ ակցիաներով ամեն տարի գոնե 10 զբոսաշրջիկ բերել Արցախ, ուրեմն՝ Արցախի ճանաչման, զարգացման ու կայացման գործում իր ավանդը կունենա:

«Արցախին օգնելու համար մենք ինքներս պետք է ուղիներ փնտրենք: Բոլոր զբոսաշրջիկներին էլ հորդորում եմ՝ տարին գոնե մեկ անգամ այցելել Արցախ, լինել պատմամշակութային վայրերում, քայլել փողոցներով, շփվել մարդկանց հետ. այդժամ կհասկանաք, թե այստեղ ինչպիսի մարդիկ են ապրում, ինչի համար են պայքարում, ինչ են երազում: Ամեն անգամ ուրախություն եմ ապրում, երբ Արցախում տեսնում եմ նորակառույց բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ, սրճարաններ: Իրոք որ, Արցախ աշխարհն օրեցօր ծաղկում է, շենանում»,-ասել է Ջ. Անջարգոլյանը և ավելացրել, որ ինքը մեծ ցանկություն ունի լինել նաև առաջնագծում, խոսել զինվորների հետ, ոգևորել ու ոգևորվել նրանցով:

artsakhpress.am