«Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ, մրցույթի հայաստանյան մեկնաբաններ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ժամանակ, նրան ներկայացնելու փոխարեն, խոսեցին մայիսյան հաղթանակների մասին, անդրադարձան մեր հերոսական պատմությանը՝ եթերում չտալով անգամ Ադրբեջանի անունը։
«Eurovoix.com»-ը, հղում անելով ուկրաինական և ռուսական ԶԼՄ-ներին, նշել է, որ «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի փառատոնին Հայաստանի հաղորդավարները հրաժարվել են նշել Ադրբեջանի անունը, երբ Dihaj-ի ելույթն են հայտարարել: Իսկ Depo.ua և Gazeta.ru լրատվամիջոցները գրել են, որ առաջին կիսաեզրափակչում, երբ բեմ է դուրս եկել Ադրբեջանի ներկայացուցիչը, Հայաստանի հաղորդավարները չեն անվանել երկրի անունը և ասել են, որ այժմ ելույթ կունենա հերթական երկրի ներկայացուցիչը: Հրապարակման մեջ նշվել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն երկարատև հակամարտություն Լեռնային Ղարաբաղի պատճառով՝ հիշելով անցյալ տարվա միջադեպը Իվետա Մուկուչյանի և Ղարաբաղի դրոշի հետ կապված: Ի դեպ՝ Eurovoix.com-ը, այս ամենին զուգահեռ, նաև գրել է «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցության և արձանագրած հաջողությունների մասին:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանի հետ՝ պարզելու, թե ռուսական և եվրոպական լրատվականների նման արձագանքը որևէ կերպ կարո՞ղ է խոչընդոտել մայիսի 13-ին կայանալիք «Եվրատեսիլ-2017» եզրափակչում Արծվիկի ելույթին:
«Ամեն ինչ շատ լավ է, Արծվիկը պատրաստվում է փորձերին ու վճռական ելույթին: Իրականում անհանգստանալու առիթ ոչ մի չկա, վստահեցնում եմ» ,- նշեց Արուսյակ Զախարյանը, ով այժմ գտնվում է Արծվիկի կողքին:
Նրա խոսքով՝ մեր ներկայացուցիչը ջանք ու եռանդ չի խնայում հնարավորինս արժանվույն ներկայանալու այս հեղինակավոր մրցույթին:
«Այս պահին Արծվիկն արդեն ժամանել է եվրատեսիլյան արենա, որտեղ այսօր երկու փորձ է նախատեսված՝ ցերեկը և երեկոյան, ընդ որում երեկոյան փորձը գնահատելու են ժյուրիի անդամները, քանի որ նրանց համար դա գլխավոր փորձն է: Վաղը ևս երկու փորձ է լինելու, իսկ արդեն երեկոյան կկայանա «Եվարտեսիլ-2017-ի եզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ կունենան 26 երկրների մասնակիցներ. Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Նշեմ, որ Արծվիկի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ եվրատեսիլյան նախապատրաստական և մրցութային փուլը մոտենում է ավարտին: Իհարկե, այս պահին Արծվիկը մի փոքր հուզված է, անհանգիստ, բայց դրանից չի տուժում Արծվիկի տրամադրությունն ու պատրաստակամությունը: Առաջին կիսաեզրափակչից հետո Արծվիկը վստահ է, որ թռիչքի համար թևեր անհրաժեշտ չեն: Մեր երգչուհին ինչպես թռիչք իրականացրեց առաջին կիսաեզրափակչից հետո, այնպես էլ վաղը նա հրավիրելու է եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին իր հետ թռիչքի: Այնպես որ, Արծվիկը մարտական տրամադրվածությամբ սպասում է այսօրվա և վաղվա ելույթներին»,-հավելեց Հանրային հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը: