Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչև վերջին պահը հարցականի տակ էր,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշեցին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։
Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արթուրը կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին.
«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի և Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաև հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների:
Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը և հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին: Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասաց Գևորգ Ալեքսանյանը: Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանությունը. «Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել:
Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշեց օլիմպիական չեմպիոնի հայրը:
armsport.am