«Հայաստան կժամանի աշխարհի 10 լավագույն անիմատորներից մեկը». Վրեժ Քասունի
Advertisement 1000 x 90

«Հայաստան կժամանի աշխարհի 10 լավագույն անիմատորներից մեկը». Վրեժ Քասունի

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեց «ՌեԱնիմանիա» միջազգային ութերորդ անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի մեկնարկի մասին, առանցքային կետում պահելով Indiegogo համաֆինանսավորման հարթակում «ՌեԱնիմանիայի» ձեռնարկած դրամահավաքի թեման:

«Մենք ձգտում ունենք տարվա կտրվածքով ունենալու կլորիկ բաջեթ, որոնք առաջին հերթին՝ կուղղորդվեն երեք ուղղություններով՝ ուսուցչական-դաստիարակչական ծրագրերի իրականացմանը, տարվա  ընթացքում ավելի մեծ թվով հյուրեր հրավիրելու և վարպետաց դասեր անցկացնելու, ինչպես նաև  հատուկ մասնագիտական առարկաների  վրա ուշադրություն գրավելու՝ հնարավորություն տալով զարգանալու նեղ մասնագետ երիտասարդներին»,- դրամահավաքի հիմնական նպատակների շուրջ մանրամասնեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:

Բանախոսը տեղական կինոարտադրության ոլորտում մեծ բաց է համարում նաև համատեղ կինոարտադրությունների խնդիրը. «Հեռուստասերիալների կամ լիամետրաժ ու կարճամետրաժ  ֆիլմերի ստեղծելու ուղղությամբ նույնպես մտածում ենք: Հետևաբար ակնկալվող գումարից մենք բաժին կհանենք նաև այս ուղղությամբ կատարվող աշխատանքների համար, և կարծում եմ՝ կինոարտադրության խթանման ուղղությամբ  սա ճիշտ և նպաստավոր  որոշում է եղել  մեր փառատոնի կողմից»:

Փառատոնը  ֆինանսական ճգնաժամի մեջ չէ և դրամահավաքի միջոցով օգնություն չի խնդրում: Պարագան, ըստ Վրեժ Քասունու՝  այլ է. «Անցած 7 տարիների ընթացքում մենք  պահպանել ենք բոլոր այն ծրագրերը, որոնցով մեկնարկել ենք փառատոնը, և այդպես էլ շարունակում ենք: Բայց, քանի որ արդեն հասել ենք այն փուլին, երբ ցանկություն ունենք փառատոնի շրջանակներում ներառել մարքետինգն ու շուկան, ինչո՞ւ ոչ՝ նաև խթանել կինոարտադրությունը, ապա նախատեսվող դրամահավաքը հենց այս նպատակով է: Ուրախ ենք հայտնել նաև, որ մեր փառատոնը սիրված և ընդունված է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում: Indiegogo-ի մեկնարկի 48 ժամերը ևս դա են վկայում»:

Փառատոնի ծրագրերի, սպասվող հյուրերի, ինչպես նաև փառատոնի կազմակերպչական այլ  հարցերի վերաբերյալ առավել մանրամասն Վրեժ Քասունին կտեղեկացնի ավելի ուշ՝ փառատոնին ընդառաջ հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում: Մեկ բան, սակայն, հստակ է. «Այս տարի «ՌեԱնիմանիայի» շրջանակներում Հայաստան կժամանի   աշխարհի 10 լավագույն անիմատորներից մեկը: Այս պահին անունը չեմ բարձրաձայնի, սպասենք փառատոնի անակնկալին: Կբացեմ առաջիկա փառատոնի հետ կապված  ևս մեկ գաղտնիք՝ այս տարի «ՌեԱնիմանիան» կհյուրընկալի նաև «Եվրիմաժի» ներկայացուցչությանը: Այս պահի համար միայն այսքանը կասեմ, մնացյալը՝ առաջիկայում»:

Տեղեկացնենք, որ այս տարի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը նախատեսվում է անցկացնել  հոկտեմբերի 28-ից  նոյեմբերի 3-ը:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ